Չինաստանն ստացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վկայական, որը հաստատում է երկրի՝ «մալարիայից ազատ» կարգավիճակը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«70-ամյա ջանքերից հետո Չինաստանն ստացավ ԱՀԿ վկայականն այն մասին, որ երկրում այլեւս մալարիա չկա, մեծ սխրանք երկրի համար, որը 1940-ական թվականներից ամեն տարի տեղեկացնում էր այդ հիվանդության 30 միլիոն դեպքերի մասին»,- ասվում է ԱՀԿ հաղորդագրությունում, որը հրապարակվել է չորեքշաբթի։
ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, իր հերթին, նշել է, որ Չինաստանը հաջողության է հասել տասնամյակների ծանր, նպատակաուղղված եւ մշտական աշխատանքով։ «Այս հայտարարությամբ Չինաստանը միանում է այն երկրների աճող թվին, որոնք աշխարհին ցուցադրում են, որ մալարիայից ազատ ապագան կենսունակ նպատակ է»,- հաղորդագրության մեջ ներկայացվում են ԱՀԿ ղեկավարի խոսքերը։
Կազմակերպության տվյալներով՝ վերջին 30 տարիներին Չինաստանը Խաղաղ օվկիանոսի Արեւմտյան մասի տարածաշրջանի առաջին երկիրն է, որը նման վկայական է ստացել։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ 40 երկիր ունի ԱՀԿ վկայական մալարիայի բացակայության մասին, վերջերս նման վկայական են ստացել Սալվադորը (2021թ.), Արգենտինան (2019թ.) եւ Ուզբեկստանը (2018թ.)։





























