«Հայ ազգային կոնգրեսի բոլոր ուժերը պահպանում են իրենց որդեգրած քաղաքական գիծը, եւ ոչ ոք չի արգելում նրանց ժամանակ առ ժամանակ հանդես գալ ինքնուրույն հայտարարություններով եւ նախաձեռնություններով»,-լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀԱԿ գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ հերքելով շրջանառվող այն լուրերը, թե Կոնգրեսի ներսում անհամաձայնություններ կան։
Հարցին, թե ինչու՞ վերջին ժամանակներս ՀԱԿ-ի անդամ Հնչակյան կուսակցությունն օրակարգից հանել է ՀՀ նախագահի հրաժարականի իր պահանջը, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց, որ նման լուրերը չեն համապատասխանում իրականությանը, եւ Կոնգրեսի բոլոր ուժերն այդ հարցում միակարծիք են։
Անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի՝ ՀԱԿ-ից անկախ «Սարդարապատ» շարժում հիմնելու փաստին՝ ՀԱԿ համակարգողը առաջարկեց միակողմանիորեն չնայել հարցին եւ հիշել նաեւ նրա այն հայտարարությունը, որ իրենք երբեք դուրս չեն գա ՀԱԿ-ի կազմից։
Լեւոն Զուրաբյանը նաեւ նշեց, որ իրենք ողջունում են «Ժառանգության»՝ նախագահի հրաժարականի պահանջով հայտարարությունը եւ ուրախ կլինեն համագործակցել քաղաքական ցանկացած լուրջ ուժի հետ։




























