Երեւանում այսօր` հունիսի 30-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Գարեգին Նժդեհ եւ Սեւան փողոցների խաչմերուկում, վիճաբանություն է տեղի ունեցել Երեւանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների եւ արդարադատության նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի միջեւ:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրում, ականատեսները պատմել են, որ նշված փողոցում կատարվելիս են եղել գծանշման աշխատանքներ եւ այդ աշխատանքներ կատարողների անվտանգությունն ապահովելու նպատակով նշված հատվածում ՃՈ աշխատակիցները սահմանափակել էին երթեւեկությունը:
Այդ ընթացքում «Հոնդա» մակնիշի 01 ՍՍ 055 համարանիշի ավտոմեքենայի վարորդը փորձել է նշված հատվածով երթեւեկել: ՃՈ աշխատակիցները նրան հայտնել են, որ կարող է երթեւեկել այլ փողոցով, ինչին վարորդը, ով պարզվել է` Զորավարի փողոցի բնակիչ, ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման եւ մեթոդոլոգիայի բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ 36-ամյա Արտակ Ղազարյանն է, չի ենթարկվել ոստիկանության պահանջներին եւ ասել. «Խմել եմ, լավ եմ արել: Չեմ ենթարկվել, լավ եմ արել, ինչ ուզում եմ, էն էլ անելու եմ, սաղիդ պագոն են տվել, ես պոկելու եմ կամ պոկել եմ տալու»:
Վեճը տեւել է մոտ 30 րոպե, ինչից հետո դեպքի վայր են ժամանել ՃՈ մի քանի կարգախումբ եւ Արտակ Ղազարյանին բերման ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխել Երեւանի ՃՈ տուգանային հրապարակ:
Արտակ Ղազարյանը ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղափոխվել է «Փորձաքննությունների ազգային բյուրո», որտեղ հրաժարվել է սթափության վիճակի զննությունից: Մեր տեղեկություններով, կատարվածի մասին ոստիկանությունը համապատասխան նյութեր է կազմել, որոնք կուղարկվի Հատուկ քննչական ծառայություն:
Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի




























