Մեծ Բրիտանիայի հարավ-արեւմուտքում քաղաքային այգում վերականգնման աշխատանքների ժամանակ աշխատողներն անսովոր գերեզմանոց են հայտնաբերել: Քարե սարկոֆագում թաղված են եղել երկու հանգուցյալների աճյուններ: Արտասովոր գտածոյի հետազոտությունները բուռն ընթացքի մեջ են, հայտնում է BBC News-ը:

Սարկոֆագը հայտնաբերվել է Բաթի կենտրոնում գտնվող Բուսաբանական այգու հատվածներից մեկում: Այդ մասը կոչվում է «Սիդնեյի պարտեզներ», այստեղ ավելի վաղ արդեն հայտնաբերվել են Հին Հռոմի դարաշրջանի առարկաներ՝ հին գերեզմանոց: Դրա պատից ոչ հեռու են մասնագետները հայտնաբերել նոր գտածոն:

Գտնված արտեֆակտը պատրաստված է կրաքարից: Թվագրումը ցույց է տվել, որ գերեզմանը շուրջ երկու հազարամյակի պատմություն ունի, այսինքն այն պատկանում է Հիսուս Քրիստոսի ժամանակաշրջանին: Միեւնույն ժամանակ, սարկոֆագի ներսում հայտնաբերված մի շարք գտածոներ վկայում են, որ հուղարկավորությունը եղել է զուտ հեթանոսական:

Դագաղի ներսում գիտնականները հայտնաբերել են երկու մարդու մնացորդներ: Ընդ որում, նրանցից մեկը պառկած է եղել մյուսի ոտքերի մոտ: Բացի այդ, հայտնաբերվել են գունավոր ուլունքներ եւ կերամիկական անոթ, որը, հավանաբար, օգտագործել են զոհաբերական կերակուրների համար՝ որպես հեթանոսական թաղման ծիսակատարության մաս:

Հնագետ Քելլի Մեդիգանը նշում է, որ հայտնագործությունը թույլ կտա գիտնականներին ավելին իմանալ հռոմեական դարաշրջանում հեթանոսների սգո արարողությունների մասին: Այժմ մասնագետները մի շարք լաբորատոր հետազոտություններ են անցկացնում՝ թաղված մարդկանց մասին ավելին իմանալու համար: