Բնական աղետները, չնայած փրկարարական բոլոր հնարավոր միջոցառումներին, շարունակում են հանգեցնել մարդկանց մահվան՝ ամբողջ աշխարհում: Անցյալ տարվա զեկույցում ՄԱԿ-ը հայտարարել է, որ եղանակային արտակարգ երեւույթները հանգեցրել են 15 000 մարդու մահվան եւ 170 միլիարդ դոլարի ֆինանսական կորուստների: Բացի այդ, մարդկային միջամտության պատճառով տարեցտարի այդ երեւույթների թիվն ավելանում է: Science-ն այս մասին ավելի մանրամասն խոսել է փորձագետների հետ:

Բնական աղետները կլիմայական երեւույթներ են, որոնք բնորոշ չեն այն տարածաշրջանին կամ սեզոնին, որում դրանք տեղի են ունենում: Օրինակ՝ Սահարայում ձյունը: Սա վերաբերում է նաեւ եղանակային իրադարձություններին, որոնք ազդում են տվյալ տարածաշրջանում մարդկանց կյանքի որակի վրա՝ երաշտներ, փոթորիկներ, ջրհեղեղներ, սառնամանիքներ:

Թագավորական օդերեւութաբանական ինստիտուտից հոլանդացի կլիմայագետ Գերտ Յան վան Օլդենբորգը նշում է, որ եղանակային աղետների որոշակի տեսակներ ուժեղանում են: Մյուսները, ընդհակառակը, անհետանում են: Դրանցից առաջինին վերաբերում են երաշտներն ու անձրեւները: Երկրորդին` սառնամանիքները: Բացի այդ, դրանց ինտենսիվությունը կախված է տարածաշրջաններից:

ԱՄՆ ազգային լաբորատորիայի կլիմայաբանության փորձագետ, դոկտոր Մայքլ Վեները կարծում է, որ այս պահին կլիմայական մի շարք երեւույթներ սաստկացել են կլիմայի վրա մարդու ազդեցության պատճառով: Այսպիսով, կարելի է սպասել, որ տաքացման պատճառով այլ բնական աղետները եւս ավելի կսաստկանան: Փորձագետներն արդեն գրանցում են երաշտների եւ արտակարգ տեղումների քանակի եւ ինտենսիվության աճ: Իսկ, ահա, ձմեռային եղանակային երեւույթներն, ընդհակառակը, նվազում են:

Ավելի շատ ապացույցներ կան եղանակային կարճ երեւույթների մասին, ինչպիսիք են մրրիկները, փոթորիկները եւ պտտահողմերը: Թերեւս այն պատճառով, որ դրանք ժամանակի առումով ավելի կարճատեւ են: Գիտնականները կարծում են, որ փոթորիկները կդառնան ավելի երկարատեւ եւ ավելի ինտենսիվ, բայց դրանց քանակը կնվազի: Միեւնույն ժամանակ, մնում են եղանակային երեւույթներ, որոնց չափումը գրեթե անհնար է: Օրինակ՝ պտտահողմը կամ «դերեհո» քամիները:

Մեկ այլ մասնագետ` մթնոլորտի հարցերում մասնագիտացած գիտնական Քեւին Թրենբերտը, պարզաբանում է, որ առավել կարեւորն է ոչ թե այն փաստը, որ այդ երեւույթները շատացել են, այլ որ դրանք սկսել են ավելի էական վնաս հասցնել, դարձել են ավելի ավերիչ եւ ինտենսիվ:

Ընդ որում, գիտնականներն ընդգծում են, որ արտակարգ եղանակային երեւույթների քանակը եւ ուժը կշարունակեն աճել՝ մարդու գործունեության ազդեցությամբ կլիմայի փոփոխություններին զուգահեռ։