Ճապոնիայի կենտրոնական մասում գտնվող Յամանասի շրջանի իշխանությունները երկու տարվա մեջ առաջին անգամ բացել են ադ շրջանում գտնվող Ֆուձի լեռ բարձրանալու սեզոնը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով NHK-ին։

Նշվում է, որ նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Յամանասիի իշխանությունները կոչ են արել տեղի լեռնային խրճիթների տերերին ապահով տարածք ապահովել կենվորների միջեւ, ինչպես նաեւ չափել նրանց ջերմությունն ու կանոնավորապես օդափոխել սենյակները։ Բացի այդ, զբոսաշրջիկների վիճակը կստուգվի նաեւ այն արահետի սկզբնամասում, որը տանում է դեպի Ֆուձիի գագաթ։

Հատկանշական է, որ այս տարի Ֆուձի բարձրանալն ուղեկցվելու է հորդառատ անձրեւով, որն այս շաբաթվա սկզբից ընդգրկել է Ճապոնիայի կենտրոնական եւ արեւելյան հատվածները։ Ներկա սեզոնը տեւելու է մինչեւ սեպտեմբերի կես։ 2020թ. այն չբացվեց համավարակի պատճառով։

Ֆուձին 3776 մետր բարձրությամբ գործող հրաբուխ է։ Վերջին անգամ ժայթքել է 1708թ.։ Հրաբուխը Ճապոնիայում օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում ամենապոպուլյար վայրերից է։ Ֆուձիում հանգստացողների ամենամյա հոսքը կտրուկ բարձրացավ 2013-ից հետո, երբ լեռը մտցվեց ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակ։