Կիեւում հունիսի 30-ին կայացել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական ասամբլեայի նիստի բացումը։

Կազմակերպության գլխավոր ասամբլեայի 37-րդ նիստը հուլիսի 1-2-ին կկայանա Ուկրաինայի խորհրդարանի սեսիոն սրահում։ Ազգային պատվիրակությունների անդամները կքննարկեն մի շարք հարցեր՝ «կանաչ» տնտեսության անցում կատարելու օրենսդրության ապահովում, կազմակերպության անդամ երկրներում գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների կիրառում, Առողջապահության համաշխարհային կազմակերպության սանիտարական չափորոշիչների հետեւում, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

Ասամբլեան նաեւ կքննարկի կադրային հարցեր՝  Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական ասամբլեայի փոխնախագահների եւ Ասամբլեայի միջազգային քարտուղարության ղեկավարների ընտրությունների հարցը։

Հուլիսի 2-ին տեղի կունենա կառույցի նախագահության՝ Ուկրաինայից Ալբանիային փոխանցելու արարողությունը։

Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական ասամբլեան ստեղծվել է 1993 թվականի փետրվարի 26-ին։ Դրա կազմի մեջ են մտնում 12 երկրների խորհրդարաններ՝ Հայաստանի, Ալբանիայի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Հունաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Սերբիայի, Թուրքիայի եւ Ուկրաինայի։