Ամերիկացի գիտնականների նոր ուսումնասիրությունը թույլ է տվել պարզել, որ Էյֆելյան աշտարակի բարձրությամբ հսկա սառցաբեկորներ երեսուն հազար տարի առաջ կարելի էր հանդիպել Ֆլորիդայի ափերի մոտ: Դրանց հետքերը ափի երկայնքով բնական նստվածքներում դեռ պահպանվում են, գրում են գիտնականները Nature Communications պարբերականում:

Ամերիկացի փորձագետների կողմից կատարված նոր ուսումնասիրության համաձայն՝ 300 մետրանոց սառցալեռները լողացել են Կանադայից գրեթե հինգ հազար կիլոմետր եւ հասել Ֆլորիդա-Քիս կղզիներ: Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայության փորձագետները Հյուսիսային Կառոլինայի ափերի մոտ նստվածքներում 170-380 մետր խորությամբ հայտնաբերել են շուրջ 700 ակոս: Ամենայն հավանականությամբ, այս հետքերը պատկանում են հսկա սառցաբեկորների, կարծում են հետազոտողները:

«Այն գաղափարը, որ սառցաբեկորները կարող են լողալ մինչեւ Ֆլորիդա, զարմանալի է»,- ասում է հետազոտության առաջատար հեղինակ, Օվկիանոսագիտական ինստիտուտի կլիմայական մոդելների մշակող Ալան Քոնդրոնը: Փորձագետներն օգտագործել են ռադիոածխածնային թվագրմամբ պատյանները, որոնք հայտնի են ֆորամինիֆերներ անվանմամբ, որպեսզի որոշեն, թե երբ են «ճանապարհորդություններ» կատարվել դեպի հարավ:

Այս իրադարձության մեկ այլ առանձնահատկություն կարելի է համարել այն փաստը, որ սառցաբեկորներն այսչափ հարավ իջնելով, արագորեն հալվել են` անխուսափելիորեն սառը ջուր խառնելով տաք Գոլֆստրիմին: Այդ պատճառով հետազոտությունը տեղեկատվություն է տալիս այն մասին, որ հալվող սառցաբեկորները կարող են ավելի մեծ եւ բարդ դեր ունենալ կլիմայական փոփոխություններում, քան նախկինում գիտնականները կարծում էին: Օվկիանոսի ջերմաստիճանի վրա ազդել է նաեւ հալված սառցադաշտերի քաղցրահամ ջուրը:

«Եթե այս շրջանները լցվեն քաղցրահամ ջրով, ապա օվկիանոսի կողմից հյուսիս տեղափոխվող ջերմության քանակը կարող է զգալիորեն թուլանալ՝ մեծացնելով այն հավանականությունը, որ Եվրոպան կարող է շատ ավելի ցրտել»,- գրում են հետազոտողները: