Տիտանիկն անհետանում է: Այսբերգին բախվելուց հետո խորտակված հայտնի նավը, մետաղը քայքայող բակտերիաների ազդեցության տակ, դանդաղորեն անհետանում է օվկիանոսի հատակին: Դրա բեկորների մեջ հսկայական անցքեր են բացվում, իսկ նավի դիմային հատվածի հայտնի բազրիքը ցանկացած պահի կարող է փլվել, հայտնել է Planet-today-ը:

Ընդունելով նավի մոտալուտ անհետացման անխուսափելիությունը՝ ստորջրյա հետազոտական ​​ընկերությունը արդեն այս շաբաթ կարող է էքսպեդիցիա սկսել նավի խորտակման վայրում՝ նավի վիճակի վատթարացման ամենամյա տարեգրություն վարելու համար: Մասնավոր ֆինանսավորմամբ մասնագետները հույս ունեն ավելին իմանալ նավի, ինչպես նաև դրա խորտակման արդյունքում առաջացած ստորջրյա էկոհամակարգի մասին:

Խորտակումից հետո 109 տարվա ընթացքում («Տիտանիկը» խորտակվել է 1912 թվականի ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը) նավը լուրջ վնաս է կրել խորքային հոսքերից և բակտերիաներից, որոնք օրական սպառում են հարյուրավոր կիլոգրամ երկաթ: Որոշ փորձագետներ կանխատեսում են, որ նավը կարող է անհետանալ մի քանի տասնամյակների ընթացքում` նավի կորպուսի մեջ եղած անցքերի և դրա բաժանմունքների ավերման պատճառով:

1985 թվականին նավաբեկության գտնվելու վայրը հայտնաբերելուց ի վեր՝ դրա 30 մետր երկարությամբ կայմը փլվել է: Նավի դիտակետը, որտեղից դիտողները բղավում էին՝ «Առջևում այսբերգ է», նույնպես անհետացել է: Իսկ տախտակամածը, որի վրա ուղևորները կուտակվել էին նավի խորտակման ժամանակ, նկատելիորեն թեքվել է: Փլվել է շքամուտքի սանդուղքին հարող մարզադահլիճը: 2019 թվականին էքսպեդիցիայի արդյունքում պարզվել է, որ նավապետի լոգարանը, որը տեսանելի է դարձել նավապետի նավախցիկի արտաքին պատի քանդվելուց հետո, այլևս չկա: Մոտ ապագայում կարելի է ակնկալել, որ դիմային հատվածի հայտնի բազրիքը նույնպես կփլվի:

Այժմ գիտնականները ստորջրյա սարքերի միջոցով, որոնք հագեցած են բարձր հստակության տեսախցիկներով և բազմաճառագայթային հիդրոլոկատորով, մտադիր են ուսումնասիրել նավի քայքայումը: Դա նրանց կօգնի պարզել խորտակված այլ նավերի ճակատագիրը: Նախատեսվում է նաև փաստաթղթավորել տարածքի ծովային կյանքը, ինչպիսիք են ծովախեցգետիններն ու մարջանները: Միայն խորտակման վայրում նկատվել են հարյուրավոր տեսակներ: Ուշադրության կենտրոնում կլինեն նաև բեկորներն ու արտեֆակտները: Ընդ որում, աղետի վայրից ոչինչ չեն վերցնելու: