Հայաստանի ավտոպարկը մոտենում է կես միլիոն միավորի: Հաշվի առնենք, որ հանրապետության բնակչությունը 3,3 միլիոնից քիչ է: Բարձր ուրբանիզացիան եւ փողոցների գերբեռնվածությունը ահազանգի պատճառ են: Սակայն իրավիճակն ավելի է սրում օգատգործված ավտոմեքենաների թվի աճի հանգամանքը:

Վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, անցած տարի հանրապետություն է ներմուծվել 6,1 միլիոն դոլարի 296 ավտոբուս եւ միկրոավտոբուս: Դրանցից 43 տոկոսն օգտագործված են:

«Սովորական» մարդատար ավտոմեքենաների դեպքում ներմուծվել է 154,8 միլիոն դոլարի 17 հազար միավոր` 83 տոկոսը օգտագործված եւ համեմատաբար էժան:

Օգտագործված ավտոմեքենաների այդքան բարձր տոկոսը զարմանալի չէ, եթե համեմատենք նոր եւ հին ավտոմեքենաների միջին մաքսային արժեքը` 20,4 հազար դոլար 6,8 հազար դոլարի դիմաց:

Քաղաքացիների ցածր գնողունակությունն է հանգեցնում այսչափ անմխիթար վիճակի: Հետեւանքը լինում է օդի աղտոտվածությունն ու ավտովթարների աճը:

Հարուստ երկրներում խնդիրն ունի լուծում: Չինաստանը հին ավտոմեքենաների պարկի կրճատման եւ ավտոշուկայի խրախուսման ծրագրով իր քաղաքացիներին առաջարկում է 2-3 հազար դոլարով հանձնել հին ավտոմեքենաները եւ ձեռք բերել նորը: Նմանատիպ ծրագրեր իրականացվել են նաեւ մի շարք եվրոպական երկրներում: Հայաստանում այսպիսի տարբերակը, բնականաբար, իրատեսական չէ: Անհրաժեշտ են այլ լուծումներ: