Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով «Եդինայա Ռոսիա»-ի տարածաշրջանային կոնֆերանսին, հայտարարել է, թե Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր ներկայությունը Արկտիկայում: «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ, Ռուսաստանի կառավարության ղեկավարն ասել է. «Ցանկանում եմ ընդգծել. Իր ներկայությունն Արկտիկայում Ռուսաստանն, անխոս, մտադիր է ընդլայնել: Մենք բաց ենք օտարերկրյա գործընկերների հետ երկխոսության համար, բայց բնականաբար, սեփական աշխարհաքաղաքական շահերը պաշտպանելու ենք ամուր եւ հետեւողականորեն»,- ասել է Պուտինը:

ՄԱԿ-ի ծովային իրավունքի կոնվենցիան նշում է, որ ափամերձ բոլոր երկրներն ինքնիշխան իրավունք ունեն հետազոտել եւ մշակել բնական ռեսուրսները: Եթե Ռուսաստանը կարողանա ապացուցել, որ Լոմոնոսովի եւ Մենդելեեւի արկտիկական շրջանները իր տարածքների բնական շարունակությունն է, ապա երկիրը կարող է ահռելի մեծությամբ գազի եւ նավթի հանքավայրեր մշակել: