Փայտե խորհրդավոր կառույցը, որը հայտնաբերվել է Իտալիայի հյուսիսում, ժամանակին եղել է «անսահման լողավազան», որը մոտ 3000 տարի առաջ օգտագործվել է ջրային գերբնական ծիսակատարություններում, գրում է Popmech-ը:
Հնագետները մանրամասն նկարագրել են Noceto Vasca Votiva անվանումով փայտե կառույցը, որը հայտնաբերվել է դեռ 2004-ին՝ Իտալիայի հյուսիսում գտնվող Նոչետո քաղաքի մոտակայքում: Փայտե սյուները, հենասյուները եւ տախտակները կազմել են ջրավազանի արտաքին մասը եւ ամրացրել են խորը փոսի պատերը, որը ժամանակին լցված է եղել ջրով: Փոսի խորությունը ավելի քան երեք մետր է, երկարությունը՝ 12 մետր, լայնությունը՝ 7 մետր:
Ռադիոածխածնային անալիզի եւ տարեկան օղակների օգնությամբ հետազոտողները պարզել են, որ ավազանը կառուցվել է մ.թ.ա. 1436-ի եւ մ.թ.ա. 1428-ի միջեւ։ Սա սոցիալական նշանակալի փոփոխությունների ժամանակաշրջան է, որը վկայում է հետազոտողների այն տեսության ճշմարտացիության մասին, որ կառույցն օգտագործվել է կրոնական ծեսերի համար:
Noceto Vasca Votiva-ն գտնվել է բլրի գագաթին, իսկ դրա հատակը լցված է եղել կերամիկական անոթներով, արձանիկներով եւ տարբեր քարե, փայտե ու օրգանական իրերով:
«Noceto-ն Սթոունհենջի մասշտաբի չէ, բայց այն ունի որոշակի նմանություններ` մեծ տարածք ստեղծելու գործողություն»,- նշում են հետազոտողները:
Գիտնականների խոսքով՝ ջրային ծեսերը, հավանաբար, կատարվել են ջրի եւ անձրեւի համար պատասխանատու աստվածների բարեհաճությունը նվաճելու նպատակով: Այս ամենը չափազանց կարեւոր է եղել վաղ ֆերմերային համայնքների համար:





























