ՀԱԿ-ն իր առաջ հստակ խնդիր է դրել` ամեն գնով հասնել արտահերթ ընտրությունների` կապ չունի, թե երբ են դրանք անցկացվում, կարեւորը, որ դրանք կոչվեն արտահերթ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունիսի 30-ին հայտարարեց ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը` անդրադառնալով ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը:

«ՀԱԿ-ի համար, եթե նույնիսկ խորհրդարանական ընտրություններն ընթանան սահմանված ժամկետում, բայց հայտարարվի, որ դա արտահերթ է, սա որոշակի առավելություն է նրանց համար: Իրենց համոզմամբ` դա այն է, որ ով նախաձեռնում է ընտրությունների որոշակի վիճակ, նա ընտրությունների տերն է: Սա ունի որոշակի նպատակ»,-NEWS.am-ի հարցին ի պատասխան հայտարարեց Իսագուլյանը: Նրա խոսքով, ՀԱԿ-ի նպատակներից մեկն էլ այն է, որ եթե խորհրարանական ընտրությունները տեղի չունենան արտահերթության կարգով, ապա դրանից հետո ստեղծել մի իրավիճակ, որը կբերի արտահերթ նախագահական ընտրությունների: «Գոնե սա  նրանց մինիմում ծրագիրն է»,-նկատեց Իսագուլյանը: 

Նա տարակուսանք հայտնեց, թե ինչու է ՀԱԿ-ը երկխոսության պահանջ դնում, եթե նրա բոլոր պահանջները, որոնք ներկայացվում են հանրահավաքներում, կատարվում են իշխանությունների կողմից: «Սա հասարակության մեջ կարող է տպավորություն առաջացնել, որ, տեսեք`կա մեկ ընդդիմություն` ՀԱԿ-ը եւ մեկ իշխանություն` ի դեմս կոալիցիայի: Այսինքն, ՀԱԿ-ը խնդիր ունի հասարակությանը ցույց տալ, որ միակ ընդդիմադիր ուժն է ու անպայման հավասարը հավասարի հետ երկխոսության է նստում իշխանության հետ»,-նշեց ասուլիսի հյուրը` հավելելով, որ ՀԱԿ-ը միակ արտախորհրդարանական ընդդիմությունը չէ, եւ եթե իշխանությունները ՀԱԿ-ի առաջարկած ֆորմատով այդ ուժի հետ գնան բանակցությունների, իշխանություններն այսպիսով կընդունեն, որ երկրում միակ ընդդիմադիր ուժը Կոնգրեսն է: Ընդդիմադիր ուժերի թվում Իսագուլյանը նշեց մասնավորապես «Ժառանգությանը», ՀՅԴ-ին:  

ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչը հավելեց նաեւ, որ եթե ՀԱԿ-ը ինչ որ հարցեր ունի փոխանցելու երկխոսության հետ կապված, կարող է զանգել նաեւ իրեն, խոսակցությունն անպայման կփոխանցվի Սերժ Սարգսյանին: