Մեկուկես տարվա դատական գործընթացից հետո հունիսի 22-ին ՀՀ վարչական դատարանը բավարարել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի հայցն ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի:
Հայցվորը մեկուկես տարի առաջ տեղեկություններ էր հարցրել ՊԵԿ նախագահից 2009 թվի դեկտեմբերին աշխատակազմի տարեմուտի հանդիսության եւ պարգեւատրումների մասին ու պատասխանի չէր արժանացել: Խոսքը 29.5 մլն դրամով հանդիսության եւ 21,2 մլն դրամով 20 ժամացույցների գնման գործարքների մանրամասների մասին է: Միայն դատական հայց ներկայացնելուց հետո ՊԵԿ-ը պատասխանել էր հարցմանը եւ մերժել տեղեկությունների տրամադրումը:
Առաջին անգամ գործը լսվել է 2010 թվի առաջին կեսին եւ դատավոր աշխատող Ա.Առաքելյանի վճռով մերժվել, այն պատճառաբանություններով, թե կառավարությունը տեղեկությունների դասակարգման եեւ պահպանման կարգ չի սահմանել, իսկ տարեմուտի ծախսեր անելիս ՊԵԿ-ը իր գործառույթներով չի զբաղվել եւ ուրեմն օրենքով սահմանված տեղեկություններ չէին կարող ձեւավորվել:
2010 թվի դեկտեմբերի 27-ին ՀՀ վճռաբեկ դատարանը բեկանել է այդ վճիռը եւ գործը վերադարձրել ՀՀ վարչական դատարան, որտեղ վճիռը հրապարակվել է հունիսի 22-ին:
19 էջ կազմող բավականաչափ հանգամանալից վճռում դատարանը ներկայացրել է գործի բոլոր մանրամասները եւ որոշել` ճանաչել Լ.Բարսեղյանի տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը, պարտավորեցնել ՀՀ ՊԵԿ նախագահ Գ.Խաչատրյանին` տրամադրել հարցված տեղեկությունները եւ պատասխանողից հօգուտ հայցվորի գանձել 24.000 դրամ` որպես վճարված պետական տուրքերի փոխհատուցում:
Վճիռն ուժի մեջ է մտնում 2011 թվի հուլիսի 22-ին, իսկ մինչ այդ ՀՀ ՊԵԿ-ը իրավունք ունի վճիռը բողոքարկվել վարչական վերաքննիչ դատարան:




























