Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Սարիբեկ Արամյանի նախագահությամբ, այսօր` հունիսի 30-ին տեղի ունեցավ «Ռուսալ Արմենալ» ընկերության 44 բանվորների հայցի քննարկումն ընդդեմ ընկերության:
«Ռուսալ Արմենալ»-ի 44 բանվորներ պահանջում են վճարել հավելավճարներ՝ 2004 թ. փետրվարի 1-ից մինչեւ 2008 թ. սեպտեմբեր ժամանակահատվածում առանձնապես վտանգավոր արտադրամասում աշխատելու համար։
Հիշեցնենք, որ նմանատիպ դատական գործընթաց տեղի է ունեցել նաեւ անցյալ տարի, երբ դատարանի որոշմամբ «Ռուսալ Արմենալը» 117 բանվորների վճարեց 147.7 մլն դրամ: Այսօրվա հայցը դատարան ներկայացրել են այն բանվորները, որոնք նույնպես ձուլման արտադրամասի աշխատողներ են եղել, սակայն ինչ-ինչ պատճառներով նախորդ հայցադիմումին չեն միացել: NEWS.am-ի հետ զրույցում բանվորներից մեկն ասաց, որ պարզապես չի հավատացել, որ դատարանն իրենց օգտին որոշում կկայացնի:
Այսօրվա դատական նիստին կողմերը ներկայացել էին «Հաշտության համաձայնագրով»: Գործնականում` ընկերության ղեկավարությունը համաձայնել է վճարել փոխհատուցումը, իսկ դատական ընթացակարգերն ավելի շուտ ձեւական բնույթ են կրում: Դրա մասին է վկայում թեկուզ այն փաստը, որ երկու կողմն էլ փաստաբաններ չեն վարձել, ինչպես նախորդ դատական գործընթացում:
Ըստ դատավոր Արամյանին ներկայացրած հաշտության համաձայնագրի` «Ռուսալ Արմենալը» պարտավորվում է 44 բանվորների վճարել մոտ 35 մլն դրամ: Դատարանի կողմից վերջնական վճիռ ամենայն հավանականությամբ կհրապարակվի հուլիսի 8-ին:




























