Մենք ունենք երկու տարբեր ուղի. կամ ապրել հավերժ Երկրի վրա, կամ բնակեցնել մարդկությանը տարբեր մոլորակներում, ասել է Իլոն Մասկը: Այդ մասին հաղորդում է Knowledge Need-ը:

«Մենք ունենք երկու տարբեր ուղի. նախ, մենք կարող ենք հավերժ ապրել Երկրի վրա եւ սպասել սարսափելի իրադարձություններ ապագայում: Կարող է պատահել երրորդ համաշխարհային պատերազմը կամ մենք մահանանք, ինչպես դինոզավրերն աստերոիդի պատճառով: Ցանկացած բան կարող է ոչնչացնել մարդկությանը: Կամ մենք կարող ենք բնակեցնել մարդկությանը տարբեր մոլորակներում, այդկերպ խուսափել գալիք իրադարձություններից»,-ասել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը:

Ամերիկացի ինժեները թվել է 10 պատճառ, թե ինչու մարդկությունը պետք է տեղափոխվի Մարս:

Ըստ Մասկի՝ առաջին պատճառը մարդու՝ որպես տեսակի գոյության ապահովումն է: Երկրորդը կյանքի համար Մարսի պիտանելիությունն է, ինչը Արեւային համակարգում դրա գլխավոր տարբերությունն է:

Երրորդ պատճառը հնչեցրել է Մոլորակային համայնքի գործադիր տնօրեն Ուլյամ Սենֆորդ Նայն է, որը ժողովրդի շրջանում հայտնի է՝ որպես Բիլ Նայ: Նա հայտնել է, որ անհրաժեշտ է մարդկանց, ոչ թե ռոբոտներին ուղարկել դեպի Մարս հնարավորինս շատ բացահայտումներ կատարելու համար:

Չորրորդ պատճառն, ըստ գիտնականների, բնակչության թվի աճն է: «Մենք պետք է ոգեշնչենք ապագա սերունդներին ուսումնասիրել տիեզերքն ու զարգանալ՝ որպես կենսաբանական տեսակ», ասում է աստղաֆիզիկոս Նիլ Դեգրասը:

Գիտնականները համոզված են, որ հինգերորդ պատճառն այն է, որ ուսումնասիրելով Մարսի միջավայրը՝ կարելի է բացատրել Երկրի վրա կյանքի ծագումնաբանությունը: Նրանց կարծիքով՝ Մարսի վրա մանրէաբանական կյանքը բացահայտելուց հետո տեսությունները կվերանայվեն, իսկ մարդկանց պատկերացումները, որ կյանք գոյություն ունի միայն Երկիր մոլորակում, կփոխվեն:

Մեկ ուրիշ մոլորակ տեղափոխվելը մարդկանց հնարավորություն կտա նոր տեխնոլոգիաներ ստեղծել, որպեսզի ուսումնասիրեն Մարսն ու փնտրեն այնտեղ կյանքի պայմանները բարելավելու միջոցներ:

Վեցերորդ պատճառն է ենթադրությունը, որ «Մարս» նախագիծը կհանգեցնի բացահայտումներին, որոնք կնպաստեն տիեզերական զբոսաշրջության զարգացմանը: Տիեզերական զբոսաշրջությունների ժամանակ մարդը հնարավորություն ունի տեսնել սեփական մոլորակը տիեզերքի տարբեր մասերից եւ գիտակցել՝ որքան շատ է Երկրին օգնություն անհրաժեշտ:

Մարսի վրա ապրելու յոթերորդ պատճառն է մոլորակում օգտակար հանածոների մեծ քանակությունը, որը կօգնի արդյունաբերությանն ու կխնայի երկրային ռեսուրսները:

Այնուհետեւ գիտնականները հիշեցնում են առաջադեմ մակարդակում գիտության մասին, որը կօգնի ուսումնասիրել կյանքը Երկրի սահմաններից դուրս: Հենց մարդկային հետաքրքրասիրությունն է հանգեցրել գիտության ոլորտում առաջխաղացմանը վերջին տասնամյակներում, եւ մեկ ուրիշ մոլորակ տեղափոխվելը միայն ավելի շատ հնարավորություններ կտա նոր բացահայտումների համար:

Ի վերջո, Մարսի վրա ապրելու վերջին պատճառը քաղաքական եւ տնտեսական առաջնորդության ցուցադրումն է: Ամերիկացի նախկին տիեզերագնաց Բազ Օլդրինն ասել է, որ չկա ավելի համոզիչ միջոց ԱՄՆ-ի առաջնորդությունը ցուցադրելու համար, քան Մարսի բնակեցումն առաջինը սկսելը: «Եթե մենք չթռնենք, նշանակում է՝ մեկ ուրիշը կհասնի այդտեղ, եւ նա կունենա բոլոր առավելությունները»,-նշել է Օլդրինը: