Սաուդյան Արաբիան անհրաժեշտ է համարում երկարացնել նավթարդյունահանման կրճատման գործարքը ՕՊԵԿ+ մասնակից երկրների համար ամբողջ 2022 թվականի համար, տեղեկացրել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Աբդել Ազիզ բեն Սալմանը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Մեկ ամսում օրական 400 բարելով նավթարդյունահանման ավելացումը ՕՊԵԿ+ գործարքի մասնակից երկրներին բավական չէ 2022թ. ապրիլին կրճատումները դադարեցնելու համար։ ՕՊԵԿ+ գործարքի երկարացումը հիմքն է, իսկ նավթարդյունահանման ավելացումը՝ մեր առաջարկի մի մասը»,- ասել է նախարարը։
ՕՊԵԿ+-ը նավթի պահանջարկի անկման պատճառով, որը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով, անցած տարվա մայիսից կրճատել է արդյունահանումը օրական 9,7 մլն բարելով։ Իրավիճակի կայունացմանը զուգընթաց՝ սահմանափակումները ճշգրտվել են, եւ 2021թ. հուլիսին դրանք կազմում են 5,76 միլիոն բարել օրական։ Հաշվարկի հիմք բոլորի համար վերցվել է 2018թ. հոկտեմբերը, իսկ Ռուսաստանի եւ Սաուդյան Արաբիայի համար՝ օրական 11 մլն բարել ցուցանիշը։
Գործարքի բնութագրերի մասին որոշումը պետք է ընդունվեր հուլիսի 1-ին, բայց դաշինքը չկարողացավ գալ կոնսենսուսի այս հարցի շուրջ։ Չհաջողվեց հասնել համաձայնության նաեւ հաջորդ օրը՝ հուլիսի 2-ին։ Պատճառը ԱՄԷ սկզբունքային դիրքորոշումն է, որը պահանջում է օրական 700 հազար բարելով ավելացնել իր հաշվարկի հիմքը՝ համաձայնագիրը երկարացնելով մինչեւ 2022թ. վերջը։ Ընդ որում՝ ԱՄԷ-ն համաձայն է արդյունահանման սահմանափակումների հետագա թուլացմանը օգոստոս-դեկտեմբերին։ Արդյունքում՝ գործարքի հետագա ճակատագրի շուրջ բանակցությունները որոշվել է շարունակել հուլիսի 5-ին։





























