Հյուսիսային Կորեան բախվում է փոխարժեքների եւ ապրանքների գների աճի անկայունության հետ՝ կորոնավիրուսային համավարակի հետեւանքով առաջացած տնտեսական խնդիրների ֆոնին: Այս մասին հայտնել է Կորեայի Հանրապետության Ռյոնհապ լրատվական գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի Միավորման նախարարության մամուլի քարտուղար Լի Յոն Յուին:

«Կառավարությունը հետեւում է հիմնական տնտեսական ցուցանիշների անկայունությանը՝ ներառյալ ապրանքների գները եւ տարադրամի փոխանակումը», - նշել է նա:

Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր կորոնավիրուսի համավարակի հետ կապված «մեծ ճգնաժամի» մասին: Կորեայի աշխատավորական կուսակցության քաղբյուրոյի վերջերս կայացած հանդիպման ժամանակ նա պատժել է բարձրաստիճան պաշտոնյաներին հակահամաճարակային աշխատանքներում ձախողումների համար, ինչը հանգեցրել է ճգնաժամի եւ վտանգել երկրի ու դրա բնակիչների անվտանգությունը: Այնուամենայնիվ, հանդիպման մասին զեկույցում չի նշվել, թե կոնկրետ ինչի հետ է կապված ղեկավարի կողմից նշված ճգնաժամը:

Դրանից առաջ, ըստ ԶԼՄ-ների հաղորդագրությունների, Հյուսիսային Կորեայի ղեկավարն ասել է, որ կորոնավիրուսի պատճառով Հյուսիսային Կորեայում ներդրված կարանտինային միջոցառումների երկարացումը «հանգեցրել է բնակչությանը հագուստով, սնունդով եւ կացարանով ապահովելու պայքարի ձգձգմանը»:

Միեւնույն ժամանակ, Չինաստանը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում աջակցել Հյուսիսային Կորեային՝ դա բացատրելով երկրների միջեւ բարիդրացիական հարաբերություններով: