Ֆրանսիայի արդարադատության նախարար Էրիկ Դյուպոն-Մորետտին հարկային հայտարարագրում չի նշել 300 հազար եվրոյի չափով եկամուտը, որը նա ստացել էր որպես հոնորար պաշտոնը ստանձնելուց առաջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:
Դյուպոն-Մորետտին արդարադատության նախարարությունը գլխավորում էր 2020-ի հուլիսից, իսկ մինչ այդ նա հաջողակ իրավաբան էր, խաղում էր ֆիլմերում, գրում էր գրքեր եւ խաղում թատրոնում: Նա թաքցրել է հոնորարները «Մադլեն» թատրոնում գրքերի ու ներկայացումների համար 2019 թվականին: Դա, ինչպես տեղեկացրել է գործակալությունը, հանգեցրել է 180 հազար եվրոյի չափով հարկերից խուսափելու:
Նախարարի շրջապատում հայտարարել են, որ Դյուպոն-Մորետտին թույլ է տվել այդ սխալը, բայց շտկել է այն՝ կրկին ներկայացնելով իր հարկային հայտարարագիրը 2018-2019 թվականների համար: Ինչպես ընդգծել է գործակալության աղբյուրը, անցած տարի Ֆրանսիայի կառավարության անդամների եկամուտների եւ ծախսերի աուդիտի արդյունքում որեւէ խախտում չի հայտնաբերվել: Le Parisien թերթը պարզաբանում է, որ Դյուպոն-Մորետտին իր նախաձեռնությամբ նոր հարկային հայտարարագիր է ուղարկել էկոնոմիկայի, ֆինանսների եւ վերակառուցման նախարարություն եւ կարգավորել է պահանջները:





























