Բրիտանական խորհրդի եւ «Ոսկե ծիրան» 8-րդ երեւանյան միջազգային կինոփառատոնի միջեւ ձեւավորված շարունակական համագործակցությունն այս տարի ընթանալու է նոր ձեւաչափով: Բրիտանական խորհրդի` նոր «Մշակույթի առաջնորդներ միջազգային ծրագրի» շրջանակում հուլիսի 11-12-ին կանցկացվի մշակույթի կառավարման դասընթաց:

Երկօրյա այս դասընթացների ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ուսումնասիրելու մշակութային ծրագրերի իրականացման բիզնես ռազմավարությունն ու պլանավորումը, կուսումնասիրեն ֆինանսական նոր միջոցների ներդրման մեխանիզմները: Մշակույթի առաջնորդներ միջազգային ծրագիրը մեկնարկելու է այս տարվա հուլիսին` նպատակ ունենալով ստեղծել մշակույթի առաջնորդների ցանց եւ նպաստել փորձի  փոխանակմանը: Դասընթացները վարելու են Միացյալ Թագավորությունից Ռոջեր Մըքենը եւ Հուսեին Քարիմբոյը: Ռոջեր Մըքենը դասավանդում է  մշակույթի կառավարում Լոնդոնի Մետրոպոլիտեն  եւ Լոնդոնի Սաութ Բենք համալսարաններում: Հուսեին Քարիմբոյը համագործակցում է Ավստրալիայի մի շարք կինոփառատոնների հետ, իսկ 2007 թվականից ապրում եւ ստեղծագործում է Միացյալ Թագավորությունում` աշխատելով Sheffield Doc/Fest փառատոնում:

Բրիտանական խորհրդի աջակցությամբ Հայաստան կժամանեն ՄԹ-ում ճանաչված կինոքննադատ եւ պատմաբան Դերեկ Մալքոլմը եւ  BAFTA  մրցանակակիր Պավել Պավլիկովսկին: Նրանք  վարպետության դասընթացներ կանցկացնեն հայ ուսանողների համար: Դերեկ Մալքոլմը շուրջ  երեք տասնամյակ աշխատել է The Guardian օրաթերթում որպես կինոքննադատ,  Բրիտանական ֆիլմերի ինստիտուտի խորհրդի անդամ է եւ Լոնդոնի փառատոնի նախկին տնօրենը: 1990-ականներին Պավել Պավլիկովսկին առավելապես հայտնի էր իր վավերագրական ֆիլմերով, այնուհետեւ նա անցում է կատարում դեպի գեղարվեստական կինո եւ արժանանում BAFTA  մրցանակին:

Նախորդ տարի ձեւավորված ավանդույթի համաձայն, այս անգամ եւս Բրիտանական խորհուրդը փառատոնի շրջանակում հատուկ մրցանակ է սահմանել: «Փառատոնի նոր անունե մրցանակը կշնորհվի «Ոսկե ծիրանե կինոփառատոնի ակտիվ եւ խոստումնալից մասնակցին: Հաղթող մասնակիցը կմասնակցի Բրիստոլում անցկացվող Encounters միջազգային կինոփառատոնին նոյեմբերի 16-20-ը, ձեռք կբերի նոր կապեր ու կծանոթանա բրիտանական կիոնարտադրությանը: