Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցում հունիսի 22-ին տարածաշրջանում եզակի էնդովասկուլյար (ոչ սրտային) անոթային վիրահատություն է իրականացվել: Այն կատարել է այդ հիվանդանոցի ռադիոլոգիայի կենտրոնի փոքր ինվազիվ անոթային վիրաբուժության կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր Ռաֆայել Մանվելյան:
Տավուշի մարզի բնակիչ, 45-ամյա Մարտիկ Հարությունյանը երեք ամիս շարունակ տառապել է որովայնի նոպայաձեւ ցավերից, չի կարողացել ուտել եւ խմել, քանի որ դրանից ցավերը սաստկացել են։ Արդյունքում խիստ հյուծվել է, դարձել 45 կգ։ Բազմաթիվ մասնագետների դիմելուց հետո համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում ախտորոշվել է մեզենտերյալ (աղեստամոքսային) անոթների խցանում։ Դա նշանակում է, որ մայր զարկերակից անջատվող անոթային ճյուղերը, որոնք սնում են որովայնը, խցանված էին։ Վիրահատությունը կատարվել է էնդովասկուլյար եղանակով` առանց կտրվածքի, տեղային ցավազրկմամբ` ազդրային զարկերակից։ Վերականգնվել է որովայնային զարկերակների լուսանցքը։ Նման դեպքերում առանց վիրահատական միջամտության հնարավոր չէ փրկել հիվանդի կյանքը։ Ոչ երկար ժամանակի ընթացքում այդ ախտահարումը հանգեցնում է մահվան։
Վիրահատության հենց հաջորդ օրը հիվանդն իրեն լավ էր զգում, ցավեր չուներ եւ նորմալ սնվում էր։ Երկու օրից Մարտիկ Հարությունյանը դուրս է գրվել։
Այժմ Հայաստանում տեղացի մասնագետների կողմից էնդովասկուլյար անոթային վիրաբուժություն իրականացվում է միայն Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռադիոլոգիայի կենտրոնի փոքր ինվազիվ անոթային վիրաբուժության կլինիկայում։
Վերջին ամիսներին կլինիկայում էնդովասկուլյար եղանակով ավելի քան 20 միջամտություն է կատարվել ստորին վերջույթների զարկերակների վրա, որոնց շնորհիվ պահպանվել են հիվանդների վերջույթները։




























