Իտալական Մարկե նահանգում իրավապահները հայտնաբերել են կակտուսների տնկարան, որտեղ այդ թվում աճեցվում էին մեքսիկական հալյուցինածին պեյոտ կակտուսներ, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով Ansa.it պարբերականին։

Կակտուսները գտնվում էին հատուկ սարքավորված ջերմոցում, որի 42-ամյա սեփականատերը ապրում էր ոչ հեռվում։ Տղամարդուն կալանավորել են բույսերի աճեցման համար, որոնք պարունակում են թմրանյութեր։

Տնկարանում աճում էին նաեւ կակտուսների 53 այլ տեսակներ, որոնք պահպանվում են Վաշինգտոնի կոնվենցիայով։ Այդ բույսերի վաճառքն արգելված է։ Հիմա տնկարանի սեփականատիրոջը սպառնում է մինչեւ 200 հազար եվրո տուգանք եւ մեկ տարվա բանտարկություն։

Պեյոտը, որի գիտական անվանումը «Լոֆոֆորա Ուիլմսա» է, հաճախ հիշատակվել է գրող Կառլոս Կաստանեդայի ստեղծագործություններում։ Բույսը նաեւ հաճախ օգտագործվում է Մեքսիկայի եւ Հյուսիսային Ամերիկայի ցեղախմբերի կողմից կրոնական արարողություններում։