Թաիլանդի վարչապետ Պրայութ Չան-Օչան հրաժարվել է երեք ամսվա աշխատավարձից, որպեսզի այդ միջոցներն ուղղվեն կորոնավիրուսի դեմ պայքարին: Thai PBS հեռուստաալիքի փոխանցմամբ՝ այդ մասին պաշտոնյան ինքն է հայտարարել ուրբաթ թագավորությունում կորոնավիրուսի դեմ պայքարի կենտրոնի նիստի ժամանակ, որը նվիրված էր երկրում նոր սահմանափակումներ մտցնելուն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Վարչապետի ամսական ընդհանուր եկամտի չափը 125,590 բատ է (3,8 հազար դոլար), որը կազմված է 75,590 բատ աշխատավարձից (2,3 հազար դոլար), ինչպես նաեւ 50 հազար բատ (1,5 հազար դոլար) հավելավճարից: Այսպիսով, երեք ամսվա ընթացքում Պրայութ Չան-Օչան երկրի բյուջեին կփոխանցի 376,770 բատ (11,5 հազար դոլար): Չան-Օչան զբաղեցնում է նաեւ պաշտպանության նախարարի պաշտոնը: Հեռուստաալիքը չի հստակեցնում՝ արդյո՞ք պաշտոնյան երկրորդ աշխատավարձ ունի, եւ եթե այո, ապա ո՞ր աշխատավարձից է նա որոշել հրաժարվել երեք ամսով:
Պրայութ Չան-Օչիի օրինակին հետեւել են կաբինետի մի շարք նախարարներ, այդ թվում՝ փոխվարչապետը, բնական ռեսուրսների ու շրջակա միջավայրի պաշտպանության նախարարը, ինչպես նաեւ սոցիալական զարգացման եւ հանրային անվտանգության նախարարը: Թաիլանդի փոխվարչապետի ամսական աշխատավարձը 119.920 բատ է (3,6 հազար դոլար), նախարարինը՝ 115.740 բատ (3,5 հազար դոլար), փոխնախարարինը՝ 113.560 բատ (3,4 հազար դոլար):
Թաիլանդում կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը հայտնաբերվել է 2020 թվականի հունվարի 13-ին: Այս պահին թագավորությունում վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 317.5 հազարը, բուժվել է ավելի քան 240 հազար մարդ, մահացել է 2,5 հազար հիվանդ: Այս տարվա ապրիլի սկզբից իշխանությունները փորձում են հաղթահարել վարակի տարածման երրորդ ալիքը: Արտակարգ դրությունն ուժի մեջ է մինչեւ հուլիսի 31-ը, սակայն, ինչպես սպասվում է, կերկարաձգվի մինչեւ սեպտեմբերի 30-ը:





























