Նիկոլ Փաշինյանը փորձում է մի կողմից ինչ-որ բովանդակություն տալ հետընտրական միտինգի ժամանակ հնչեցրած այն թեզին, որ ինքը համախմբման ճանապարհով է գնալու եւ ձեռք է մեկնում քաղաքական դաշտին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով նրան, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունենում արտախորհրդարանական ուժերի հետ եւ փորձում ինչ-որ հարթակ ձեւավորել նրանց մասնակցությամբ:

Նրա խոսքով, Փաշինյանը փորձում է այն քաղաքական ուժերին, որոնք այդ ձեռքը ընդունում են, ցույց տալ, որ իրենք կարծիքն էլ իբր հաշվի առնում է. «Չեմ բացառում, որ կարող են նաեւ ինչ-որ առաջարկներ լինել, ընդհուպ մինչեւ կադրային: Մյուս կողմից, որն ավելի կարեւոր է, փորձում է այլընտրանքային ֆորմատներում քաղաքական նոր հարթակներ ստեղծել, որը այլընտրանք կլինի այսօրվա ձեւավորված խորհրդարանական ընդդիմությանը: Նման փորձ է արվում համենայնդեպս: Նման ֆորմատի ձեւավորմամբ փորձ է արվում փոքր ինչ ընդլայնել իր քաղաքական հենարանը՝ ըստ էության, փորձելով դրանով հետագայում առաջիկա գործողությունների պատասխանատվությունը ցրել նաեւ այդ նոր քաղաքական հենարանի վրա»,-ասաց քաղտեխնոլոգը:

Նա նաեւ հավելեց, որ սովորաբար արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպում են այն ժամանակ, երբ կոնկրետ խնդիր են ունենում. «Ժամանակին 1998-ի ընտրություններից հետո նման եղանակով քաղաքական խորհուրդ ստեղծվեց: Այն ժամանակ էլ այն ժամանակվա իշխանությունն էր նոր հարթակներ ձեւավորելով փորձում էին համախմբման ինչ-որ գործընթաց սկսել: Այն ժամանակ էլ հիմնականում արտախորհրդարանական ուժերն էին այնտեղ ներգրավված: Իհարկե, դա ոչ արդյունավետ էր եւ որեւէ էական ազդեցություն քաղաքական կյանքի վրա չուներ եւ շատ ժամանակավոր էր, որովհետեւ պահի խնդիր պետք է լուծվեր: Հիմա էլ պահի խնդիր է լուծվում:

Կարծում եմ՝ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ բավականին փխրուն վիճակ է ներքաղաքական առումով: Հիմա մի քիչ իլյուզիոն կայունություն է: Ընտրություններում ստացած թվացյալ առավելությունը բավական փխրուն է: Ինքը շատ լավ հասկանում է, որ քանի որ ներքին ճգնաժամի հարցերը լուծված չեն, ընդհակառակը, էլ ավելի են խորանալու, որովհետեւ ավելանալու են այդ հարցերը, եւ Պուտինի հայտարարության մեջ հնչած մեսիջները դրա վկայությունն են, ինքը շատ լավ հասկանում է, որ այս պահի դրությամբ ինքը խնդիր ունի նաեւ խորհրդեարանից դուրս ընդլայնել իր հենարանը»,-ընդգծեց Վիգեն Հակոբյանը: