Ֆրանսիան շուտով սկսելու է վերակազմավորել Մալիի հյուսիսում իր ռազմական ներկայությունը, որտեղ գտնվում էր իսլամիստ զինյալների դեմ պայքարի առաջին շարքերում, եւ, ի վերջո, կրկնակի կրճատելու է այն, հայտնել է նախագահ Էմանուել Մակրոնը: Հաղորդել է Reuters-ը:
Նախկին գաղութատեր տերությունը՝ Ֆրանսիան, վերջին ամիսներին որոշակի հաջողություններ է ունեցել զինյալների դեմ պայքարում: Սակայն իրավիճակը ծայրաստիճան անկայուն է եւ չկարողանալով պատշաճ կերպով վերացնել անկարգությունները՝ Փարիզը «հիասթափվել է»:
Ըստ Մակրոնի՝ Ֆրանսիան նախ իր զորքերը կտեղափոխի ավելի հարավ՝ զսպելու հարեւան նահանգներում զինյալների հարձակումները, այնուհետեւ ներկայիս 5100 հոգանոց զորքը կրկնակի կկրճատի:
Նա հավելել է, որ ֆրանսիական բանակը կենտրոնանալու է «Իսլամական պետության» եւ «Ալ-Քաիդայի» հետ կապված ռազմականացված խմբավորումների ղեկավարությանը հարվածներ հասցնելու վրա՝ միաժամանակ օգնելով Սահելի շրջանի պետությունների ազգային բանակներին մեծացնել իրենց հզորությունը:
Մեկ ամիս առաջ Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան ութ տարի անց դադարեցնում է Մալիում «Բարհան» օպերացիան եւ գործելու է ավելի լայն միջազգային դաշինքի շրջանակներում:





























