Այս պահին ընդդիմադիր քաղաքական գործիչները հավաքվում են իշխող «Վրացական երազանք» կուսակցության կենտրոնական գրասենյակի մոտ, որտեղ տեղի է ունենում մեծամասնության նիստը, գրել է «Սպուտնիկ Գրուզիա»-ն:
Լեքսո Լաշկարավային մահացած են գտել կիրակի առավոտյան՝ իր իսկ բնակարանում: Վեց օր առաջ նա դաժան ծեծի էր ենթարկվել ԼԳԲՏ երթի հակառակորդների կողմից: Ընդդիմությունը կատարվածի մեջ մեղադրում է կառավարությանը եւ պահանջում դրա հրաժարականը:
«Միացյալ ազգային շարժման» առաջնորդ Նիկա Մելիան հայտարարել է, որ պատրաստվում է գնալ գրասենյակ եւ անձամբ զրուցել իշխող կուսակցության առաջնորդների հետ:
Տեղում մոբիլիզացվել են ոստիկանության մի քանի տասնյակ աշխատակիցներ, որոնք թույլ չեն տալիս քաղաքական գործչին եւ հավաքվածներին շենք մուտք գործել: Իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ ցուցարարները փորձել են ներխուժել գրասենյակ:





























