Եգիպտոսի վճռաբեկ դատարանը հաստատել է «Մուսուլման եղբայրներ» շարժման հոգեւոր առաջնորդ Մուհամմադ Բադիայի եւ շարժման 10 այլ առաջնորդների ցմահ ազատազրկման դատավճիռը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Նրանք բոլորը դատապարտվել են «2011 թվականի սկզբին հեղափոխական իրադարձությունների ժամանակ արեւելյան սահմանների ճեղքումը» կազմակերպելու համար:

Բացի այդ, 2011 թվականի իրադարձությունների գործով դատարանը արդարացրել է «Մուսուլման եղբայրների» ներկայացուցիչ Սուբհի Սալեհին եւ եւս 7 անդամներին՝ չեղարկելով 15 տարվա ազատազրկման դատավճիռը: Ընդունված որոշումները վերջնական են եւ ենթակա չեն բողոքարկման:

Հունիսի 14-ին Բադիան ընդհանուր առմամբ 175 տարվա ազատազրկման է դատապարտվել նրա դեմ հարուցված 12 քրեական գործերի արդյունքներով: Բացի այդ, 12 իսլամիստ առաջնորդների, այդ թվում՝ երեք բարձրաստիճան ղեկավարների դատապարտման վերաբերյալ որոշումները, որոնք 2013 թվականին հեռացվել են իշխանությունից, վերջնական են եւ ենթակա չեն բողոքարկման:

Ինչ վերաբերում է 78-ամյա Բադիային, ապա նա այժմ սպասում է եւս մի քանի քրեական գործերի վերջնական դատավճռներին՝ կապված ուժային կառույցների աշխատակիցների վրա հարձակումների եւ սադրանքների, ինչպես նաեւ երկրում բռնությունների եւ անկարգությունների հրահրման հետ: Ընդ որում, երեք քրեական գործերի դեպքում բարձր դատական ատյանը չեղարկել է նրա նկատմամբ մահապատժի դատավճիռները: