Վրաստանի խորհրդարանը փոփոխություններ է կատարել Քաղաքացիական օրենսգրքում, ըստ որի հինգ կրոնական միավորման շնորհվում է իրավաբանական անձի կարգավիճակ, հաղորդում է  «Նովոստի-Գրուզիան»:

Իրավաբանական անձի կարգավիճակ է տրվում Վրաստանում  Հայ առաքելական եկեղեցուն, Հռոմի կաթոլիկ եկեղեցուն, մահմեդական եւ հրեական համայնքներին,  Բապտիստական եկեղեցուն:

Օրինագծին դեմ է հանդես եկել ընդդիմադիր «Քրիստենեա-դեմոկրատական» խմբակցությունը:
«Վրաց եկեղեցին նույնատիպ  կարգավիճակ չունի... Մենք պետք է հասկանանք` արդյոք  Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստվում են նման կարգավիճակ շնորհել Վրաց եկեղեցուն, որպեսզի սա չլինի միակողմանի պարզված ձեռք»,-հայտարարել է խմբակացության անդամ Նիկոլոզ Լալիաշվիլին:

Վրաստանի իշխանությունները սակայն պնդում են, որ դրանով Վրաստանի ուղղափառ եկեղեցու դերը չի թուլանում: «Իրավական կարգավիճակի շնորհումը հատուկ իրավունքների ստացում չի նախատեսում, եւ Վրաց եկեղեցին պահպանում է բարձրագույն կարգավիճակը»,-- ի պատասխան ընդդիմադիր պատգամավորի հարցի` ասել է խորհրդարանի փոխխոսնակ Գիգի Ծերեթելին:

Իրավաբանական անձի կարգավիճակը կազմակերպությանը թույլ է տալիս իրականացնել քաղաքական, պետական, սոցիալական, լուսավորչական, մշակութային եւ հանրային այլ գործունեություն` անկախ պետական վերահսկողությունից: