ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որն այցելել է Կազան Ռուսաստան կատարած այցի շրջանակներում, հայտարարել է, թե այժմ, երբ կատարելու լինի ԱՄՆ նախագահի հանձնարարականները, այդ թվում «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կապերի կարգավորման հարցով, խորհուրդների համար դիմելու է Թաթարստանի նախագահին»: Այդ մասին հայտնի է դարձել Հիլարի Քլինթոնի եւ Թաթարստանի նախագահ Մինթիմիր Շայմիեւի հանդիպումից հետո, որ կայացել է Կազանի կրեմլում: «Թաթար-ինֆորմ» պաշտոնական գործակալության հաղորդմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարը մեծ պատիվ է համարել Կազան կատարած այցը, որը «օրինակ է, թե ինչպես տարբեր ազգությունների եւ դավանանքի անձինք կարող են առաջ ընթանալ դեպի համատեղ ապագա»: Իսկ դա, ըստ Քլինթոնի, տեղի է ունենում, քանի որ նախագահ Շայմիեւը «լսում է տարբեր մարդկանց կարծիքները, եւ դա կառավարելու լավագույն ձեւն է»:

Քլինթոնի բարձր գնահատականին է արժանացել նաեւ Թաթարստանի ղեկավարության կատարած աշխատանքը Եվրոպայի եւ իսլամական աշխարհի միջեւ երկխոսության հաստատման ուղղությամբ: ԱՄՆ պետքարտուղարին հատկապես զարմացրել էր, որ Կազանի կրեմլում իրար հարեւանությամբ են գտնվում Բլագովեշենսկի տաճարն ու վերջերս կառուցված Կուլ Շարիֆ մզկիթը: Դա, Հիլարի Քլինթոնի կարծիքով, խոսում է շատ բաների մասին, այդ թվում երկու թեմների խաղաղությամբ գոյացկելու սկզբունքային հնարավորության:

Նախագահական պալատ կատարած այցի ժամանակ Մինթիմեր Շայմիեւը Հիլարի Քլինթոնին ցույց է տվել թեւավոր բարսի (առասպելական կենդանի, որ պատկերված է Թաթարստանի գերբի վրա), որի վրա գրված է նշանաբանը «Բուլդիռաբիզ-մենք կարող ենք», հիշեցնելով, որ այդ նույն կարգախոսը վեց տարի առաջ իր նախընտրական քարոզչության ժամանակ ընտրել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Ի պատասխան Քլինթոնը հայտարարել է, թե այդ փաստից հետո ԱՄՆ նախագահը պարտական է լինելու նախագահ Շայմիեւին:

Իր հերթին Մինթիմեր Շայմիեւն ասել է, որ պետքարտուղարը հանգիստ կարող է դիմել իրեն խորհրդակցելու համար եւ իրեն «արդեն դուր է գալիս նրա հետ աշխատելը»: Միեւնույն ժամանակ Թաթարստանի նախագահը ցավակցել է ԱՄՆ նախագահին, ՝ նկատելով, որ Բարաք Օբաման շատ դժվար ժամանակ է զբաղեցրել իր պաշտոնը, բայց նրա առաջին քայլերը Շայմիեւը ողջունում է: Դիմելով ամերիկյան լրագրողներին, Թաթարստանի նախագահը նրան խնդրել է իր շնորհավորանքները փոխանցել ԱՄՆ նախագահին՝ Նոբելյան մրցանակ ստանալու կապակցությամբ: