Հայաստանում քաղաքական կյանքն ամռանը պակաս ինտենսիվ է լինելու: «Ամառ է գալիս, շոգ է»,- նկատել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը այսօր` հուլիսի 4-ին կայացած մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով, այս փուլում կողմերը ծուլորեն փորձելու են պահպանել քաղաքական կյանքը: Իրական իրադարձությունները սկսվելու են աշնանը, կանխատեսում է Իսկանդարյանը: Ընտրական արշավի ժամանակ ուժգնանալու է արմատական հռետորաբանությունը, հնարավոր են ճակատային բախումներ: «Երկխոսությունն էքստազի մեջ ընկած մերձեցում չէ: Կողմերը հակառակորդներ են մնալու, իրենց շահերով»,- հիշեցրել է Իսկանդարյանը` հավելելով, որ «դա ուղղակի տեղի է ունենալու մի փոքր այլ լեզվով»:



























