ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր կեսօրին Երեւանից ժամանել են Բաքու՝ Ադրբեջանի ղեկավարությանը ներկայացնելու երեւանյան հանդիպման արդյունքները: «Հայաստանում տրամադրված են լուծել ղարաբաղյան հակամարտության կարգավորման տրամադրությունները: Կարծում եմ՝ դա կբերի որոշակի առաջընթացի բանակցություններում: Հուսով եմ՝ ԱՄՆ, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահները կներկայացնեն իրենք դիրքորոշումները առաջընթացի վերաբերյալ G8 գագաթաժողովի շրջանակներում»,- ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Բրայզայի խոսքերով՝ հենց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունն է, որ պարարտ հող է ստեղծում հակամարտության կարգավորման շրջանակային համաձայնագրի համար: «Մենք պատրաստել ենք շրջանակային փաստաթուղթ, որի մի շարք կետեր չեն բավարարում հայկական կողմին»,- նշել է համանախագահը եւ հավելել, թե հուլիսի 17-ին կայանալիք նախագահների հանդիպման ընթացքում այդ փաստաթուղթը չի ստորագրվի:
Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն իր հերթին ադրբեջանցի լրագրողներին հայտնել է, թե Երեւանում բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում: «Մենք մեծ հույսեր ունենք, որ այդպես կանցնի նաեւ Բաքվում, ինչը կհանգեցնի հերթական առաջընթացի»,- ասել է Ֆասիեն:
Ի դեպ, երեկ Երեւանում համանախագահները հայտարարել էին, թե Մադրիդյան առաջարկները ներառում են 15 կետեր, իսկ Բեռնար Ֆասիեն հույս էր հայտնել, թե Մոսկվայում կայանալիք հանդիպմանը կկոնկրետանան այն 2-3 կետերը, որոնց շուրջ քննարկումներ են ընթանում:



























