ԱՄՆ-ն եւ Հարավային Կորեան կբախվեն նոր սպառնալիքների ամենամյա զորավարժությունների անցկացման պատճառով: Այս մասին հայտարարել է հյուսիսկորեացի պաշտոնյա, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույր Կիմ Յո Չժոնը, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ զորավարժություններն «անցանկալի, ինքնակործանող գործողություններ են», որոնք սպառնում են Հյուսիսային Կորեայի ժողովրդին եւ մեծացնում լարվածությունը Կորեական թերակղզում:

«Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ն կբախվեն անվտանգության էլ ավելի մեծ սպառնալիքի զորավարժությունների պատճառով: Նրանք անտեսում են մեր բազմաթիվ զգուշացումները»,-հավելել է նա:

Նա նաեւ զորավարժությունների անցկացման համար Հարավային Կորեային մեղադրել է դավաճանության մեջ այն բանից հետո, երբ թեժ գիծ է վերականգնվել Փհենյանի եւ Սեուլի միջեւ: