Մյանմայում ՄԱԿ-ի հատուկ բանագնացը նախազգուշացրել է «լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմի» մասին՝ կողմերի միջեւ երկխոսության բացակայության դեպքում, հաղորդում է AP-ն:

Քրիստին Շրաներ Բուրգեներն ասել է, որ ռազմական եւ տեղական պաշտպանական ուժերի միջեւ բախումները շարունակվում են, մարդիկ վախեցած են եւ տառապում են, խոսքի ազատություն չկա, Համաշխարհային բանկը կանխատեսում է այս տարի ՀՆԱ-ի 18 տոկոս անկում, իսկ, Աշխատանքի միջազգային կազմակերպության գնահատականներով, հունվարից կորել է 2.2 միլիոն աշխատատեղ:
Բացի այդ, նրա խոսքով, Մյանման ներկայումս կանգնած է «COVID-19-ի լուրջ երրորդ ալիքի» առջեւ:

Մյանմայի բոլոր կողմերի հետ ծավալուն քննարկումների ժամանակ նա ասել է, որ հասկանում է, որ կողմերից ոչ մեկը «չի հանձնվի եւ պատրաստ չի լինի փոխզիջման»: Այս առումով նա որոշել է չսպասել Հարավարեւելյան Ասիայի ազգերի ասոցիացիայի կողմից (ASEAN) հատուկ բանագնաց նշանակմանը եւ ներկայացրել է համապարփակ երկխոսության իր առաջարկը, որը նաեւ մարդասիրական օգնության քննարկում կներառեր:

Շրաներ Բուրգեների խոսքով՝ վերջին երկու ամսվա ընթացքում նա իր առաջարկը քննարկել է Մյանմայում միջազգային հանրության առանցքային շահագրգիռ կողմերի հետ: Նրա առաջարկը նաեւ միիջազգային դիտորդների խմբի ստեղծում է նախատեսում, այդ թվում՝ Չինաստանից, Հնդկաստանից, Ճապոնիայից, Թայլանդից, ԱՄՆ-ից, Միացյալ Թագավորությունից, Նորվեգիայից, Շվեյցարիայից, Եվրամիությունից, ՄԱԿ-ից եը  ASEAN-ից:

Շրաներ Բուրգեները շարունակում է մտահոգված լինել առ այն, որ երկիրը կգնա քաղաքացիական պատերազմի, եթե երկխոսությունը, որը կսկսվի ASEAN-ի միջոցով, «հաջողությամբ չավարտվի»:

«Այնպես որ, ես իսկապես հույս ունեմ, որ երկխոսությունը կարող է տեղի ունենալ՝ լայնածավալ քաղաքացիական պատերազմից խուսափելու համար»,- ասել է Շրաներ Բուրգեները: