Իսրայելն ուղիղ շփման մեջ է Սաուդյան Արաբիայի եւ Պարսից ծոցի այլ երկրների հետ, որոնք «պայքարում են տարածաշրջանում Իրանի ազդեցության դեմ»։ Այս մասին հայտարարել է տարածաշրջանային համագործակցության նախարար Իսավա Ֆրեյը, գրում է Times of Israel-ը։

«Երբ բանը հասնում է Սաուդյան Արաբիային եւ Պարսից ծոցի երկրներին, գոյություն ունեն ուղիղ շփում եւ ըմբռնում այն հարցում, թե ինչպես դիմակայել Իրանին»,- ասել է Ֆրեյը Al-Hurra-ի հարցազրույցում։

Սաուդյան Արաբիան պաշտոնական հարաբերություններ չունի Իսրայելի հետ։ Բայց նրա տարածաշրջանային երկու մերձավոր գործընկերները՝ Բահրեյնը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները, կարգավորել են հարաբերություններն Իսրայելի հետ անցած տարի։

Նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուն ենթադրաբար այցելել է Սաուդյան Արաբիա անցած տարվա նոյեմբերին՝ գաղտնի բանակցելու Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամադ բեն Սալմանի հետ։ Սաուդյան Արաբիայի կառավարությունը հրապարակավ հերքել է հանդիպումը։

Բայց, ինչպես տեղեկացվում է, Էր Ռիադը եւ հատկապես բեն Սալմանը դիտարկում են Իսրայելի հետ հասարակական կապերի հաստատման հնարավորությունը։ Ե՛վ Իսրայելը, ե՛ւ Սաուդյան Արաբիան Իրանի երդվյալ թշնամիներն են, հանձին որի նրանք տեսնում են սպառնալիք տարածաշրջանային կայունությանը։

«Դա միջազգային հարց է, որը վերաբերում է ոչ միայն [Իսրայելին] կամ Սաուդյան Արաբիային»,- ավելացրել է Ֆրեյը։

Այնուամենայնիվ, սաուդցիները մի քանի անգամ հայտարարել են, որ չեն կարգավորի հարաբերություններն Իսրայելի հետ առանց պաղեստինցիների հետ հաշտության համաձայնագրի։