ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեկտեմբերի 9-ին եւ 10-ին գագաթաժողով է հրավիրում ժողովրդավարական պետությունների ղեկավարների հետ այդպիսի կառավարությունների հիմքերի ամրապնդման շարունակական ջանքերի շրջանակներում, հայտնում է Սպիտակ տունը:
«Նախագահ Բայդենն ուրախությամբ հայտարարում է, որ դեկտեմբերին կհամախմբի աշխարհի տարբեր ժողովրդավար երկրների առաջնորդներին ժողովրդավարության վիրտուալ գագաթնաժողովին, որին մոտ մեկ տարի անց կհաջորդի երկրորդ գագաթնաժողովը:
Վիրտուալ գագաթնաժողովը, որը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին եւ 10-ին, կուժեղացնի պարտավորություններն ու նախաձեռնությունները երեք հիմնական թեմաներով՝ պաշտպանություն ավտորիտարիզմից, պայքար կոռուպցիայի դեմ եւ մարդու իրավունքների հարգում:
Մեկ տարի խորհրդակցությունից, համակարգումից եւ գործողություններից հետո նախագահ Բայդենը կհրավիրի աշխարհի առաջնորդներին կրկին հավաքվել՝ ցուցադրելու իրենց պարտավորությունների կատարման գործում գրանցված առաջընթացը:
Երկու գագաթնաժողովներն էլ կհամախմբեն պետությունների, քաղաքացիական հասարակության, բարեգործական կազմակերպությունների եւ մասնավոր հատվածի ղեկավարներին՝ համաշխարհային առաջնորդներին հնարավորություն տալով լսել միմյանց եւ իրենց քաղաքացիներին, կիսել հաջողությունները, խթանել միջազգային համագործակցությունը եւ ազնվորեն խոսել իրենց մարտահրավերների մասին»,- ասված է հայտարարության մեջ:





























