Samsung Electronics-ի փոխնախագահ եւ փաստացի Samsung Group ընկերությունների խմբի ղեկավար Լի Չժե Ենը ժամկետից մեկ տարի շուտ պայմանական ազատ է արձակվել բանտից։ Նա 810 բանտարկյալներից մեկն էր, որոնք համաներում են ստացել օգոստոսի 15-ին նշվող Կորեայի Ազատագրության օրվա առիթով, տեղեկացնում է Associated Press-ը։
Այս տարվա հունվարին կորեացի գործարարը դատապարտվել էր 2,5 տարվա բանտարկության կաշառք տալու պատճառով։ Բանտից դուրս գալիս նա խոնարհվել ու ներողություն էր խնդրել իր արարքների համար։
«Ես ներողություն եմ խնդրում այն բանի համար, որ մարդկանց լուրջ անհանգստություն եմ պատճառել։ Ես հասկանում եմ, որ կշարունակեն քննադատել ինձ»,- ասել է նա։
Բանտի ելքի մոտ լրագրողներից բացի նրան սպասում էր ժամկետից շուտ գործարարին ազատ արձակելու հակառակորդների ամբոխը։
Լի Չժե Ենը կաշառել էր Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Փակ Կըն Հեի մերձավոր Չհվե Սուն Սիլին 25,5 միլիոն դոլարով՝ փորձելով ստանալ կառավարության օժանդակությունը Samsung Group-ի հանդեպ վերահսկողություն ունենալու համար։





























