Չինաստանի եւ Ռուսաստանի զինված ուժերը կուժեղացնեն միջբանակային համագործակցությունը՝ նպատակ ունենալով պաշտպանել խաղաղությունն ու կայունությունը ողջ մոլորակում: Այս մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար Վեյ Ֆենհեն`«Սիբու/փոխազդեցություն-2021» չին -ռուսական զորավարժությունների ավարտից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Աշխարհը լայնածավալ համավարակի մեջ է, եւ դրանում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունենում: Այս պայմաններում Չինաստանի եւ Ռուսաստանի Դաշնության բանակները կուժեղացնեն ռազմավարական փոխգործակցությունը եւ համապարփակ պրագմատիկ համագործակցությունը,- նրա խոսքերը մեջբերում է WeChat սոցցանցում Չինաստանի պաշտպանության նախարարության էջը:- Մենք էլ ավելի նշանակալի ներդրում կունենանք խաղաղության եւ կայունության պահպանման գործում մեր մոլորակի վրա»:

Ինչպես ընդգծել է ՉԺՀ պաշտպանության նախարարության ղեկավարը, Չինաստանի եւ Ռուսաստանի զինված ուժերը, չնայած համավարակին, շարունակում են առաջ շարժվել: Նա նշել է, որ չինական եւ ռուսական բանակների միջեւ շփումները հաջողությամբ ամրապնդվում են երկու երկրների ղեկավարների ջանքերի եւ ճիշտ ռազմավարական որոշումների շնորհիվ: