Լուսինե Շահվերդյանն իր 2 որդիների հետ 15 տարուց ավելի ապրում է Ղազախստանում։ Որդիներից մեկը՝ Մարատ Մխիթարյանը, արդեն բանակ զորակոչվելու տարիքում է, սակայն մայրը պնդում է, որ նա չի կարող ուսումը կիսատ թողնել ու վերադառնալ Հայաստան։
NEWS.am-ին Լուսինեն պատմեց, որ Հայաստանի օրենսդրությանը տեղյակ չլինելու պատճառով հայտնվել է թակարդում։
«Մոտ 2 տարի Հայաստանի քաղաքացի չեմ։ Այս տարվա փետրվարին 2 որդիներս էլ դիմել են ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու համար։ Փոքր որդուս մոտ ստացվել է, իսկ մեծ տղայիս մերժել են, քանի որ զինապարտ է։ Նա 17 տարեկան է, բայց երբեք Հայաստանում չի ապրել։ Ստացվում է, որ եթե ես մինչև երեխայի 14 տարեկան դառնալը չեմ հասցրել դուրս գալ քաղաքացիությունից, իմ երեխաները, անկախ նրանից ունեցել են ինչ-որ կապ Հայաստանի հետ, թե ոչ, ինչ-որ բանով պարտավոր են Հայաստանին»,-ասաց նա։
Լուսինեն դիմել է ՀՀ նախագահի աշխատակազմին, նրան պատասխանել են, որ նախագահը նման որոշումներ չի ընդունում։ Վարչապետի աշխատակազմից էլ նույն պատասխանն է ստացել։ «Չնայած մերժման թղթի վրա գրված է, որ այդ երկու անձիք են ընդունում որոշումը։ Դիմել եմ՝ պահանջելով, որ իրենց մերժման որոշումը վերանայեն, քանի որ երեխաս Հայաստանում չի ծնվել, երկիրը չի ապահովել նրա ուսումը, պաշտպանությունը, հետևաբար նա Հայաստանի հետ որևէ կապ չունի»,- նշում է նա։
Մյուս խնդիրն էլ այն է, որ Մարատը սովորում է Ղազախստանի քոլեջներից մեկում և չի կարող ուսումը կիսատ թողնել, վերադառնալ, բայց Ղազախստանում ՀՀ դեսպանատունն օտարերկրյա քաղաքացու մշտական բնակության վկայականը չի երկարաձգում։ «Ինձ 1 տարի անընդմեջ ՀՀ դեսպանատունը ասել է, որ դա հնարավոր չէ, որովհետև Հայաստանում 18 տարին լրանալուց հետո տղաներին անձնագիր չեն տալիս։ Ստացվում է՝ որդիս պետք է վերադառնա Հայաստան և գնա բանակ։ Բայց իմ տղան ուսումն ավարտելու համար պետք է գտնվի Ղազախստանի սահմաններում, քանի որ սովորում է առկա համակարգում։ Այնինչ Ղազախստանում օրինական գտնվելու համար պետք է ունենա մշտական բնակության թերթիկ, բայց Հայաստանը տղայիս չի տալիս անձնագիր այդ թերթիկի ժամկետը երկարացնելու համար։ Դեսպանատունը 1 տարի ինձ տեռորի է ենթարկում՝ ասելով, որ անձնագիր չի տալու, քանի որ նա պետք է գնա Հայաստան»։
Լուսինեն ասաց, որ դիմել է նաև Հայաստանի ՄԻՊ-ին, սակայն պատասխանը կրկին հուսադրող չէ։





























