Եմենի «Անսար Ալլահ» շարժման հուսիթ ապստամբները հայտարարել են, որ իրենց հաջողվել է ամերիկյան արտադրության ScanEagle տիպի հետախուզական անօդաչու թռչող սարք խոցել: Այս մասին հայտնել է Almasirah հեռուստաալիքը, որը վերահսկվում է հուսիների կողմից:

Դեպքը տեղի է ունեցել հյուսիսային Մարիբ նահանգի Մեդգալ շրջանում, որտեղ շարունակվում են կատաղի մարտերը ապստամբների եւ Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարության զորքերի միջեւ:

Վերջին ամիսների ընթացքում հուսիները ձգտում են վերահսկողություն հաստատել Մարիբ նահանգի նկատմամբ, որի համանուն կենտրոնում է գտնվում Եմենի կառավարական բանակի բարձրագույն հրամանատարության շտաբը: Արաբական կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, օգնություն է ցուցաբերում Եմենի զինված ուժերին՝ օդային հարվածներ հասցնելով հուսիների ջոկատներին: