Մոսկվան ողջունում է բանակցային գործընթացը Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետության կառավարության եւ Վենեսուելայի ունիտար պլատֆորմի միջեւ եւ պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել այդ գործընթացին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք համոզված ենք, որ այդ երկրի առջեւ ծառացած խնդիրները կարող են լուծել միայն իրենք՝ վենեսուելացիները, առանց դրսի ապակառուցողական միջամտության։ Ռուսաստանը պատրաստ է երկխոսության գործընթացին ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն՝ կողմերի եւ նորվեգացի միջնորդների դիմումին համապատասխան»,- նշել են գերատեսչությունում։
Վենեսուելայի կառավարության եւ ընդդիմության ներկայացուցիչները ուրբաթ սկսել են բանակցությունները Մեքսիկայում՝ գտնելու համար ելք երկրում առկա ճգնաժամից։ Կողմերը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ հաստատելու համար, որ պատրաստ են երկխոսության։





























