Իտալական ոստիկանությունը Սիցիլիայում ձերբակալել է երկու ֆերմերների, ովքեր կասկածվում են անտառային վերջին հրդեհների պատճառ լինելու մեջ՝ իրենց ոչխարների համար արոտավայրեր ստեղծելու նպատակով: Ոստիկանության տվյալներով, նրանք պլանավորում էին հերթական խոշոր ու վտանգավոր հրդեհը, հայտնում է Reuters-ը:

Այս ամառ Իտալիայի հարավում անտառային հրդեհներ են տեղի ունեցել, ինչին նպաստել է ռեկորդային բարձր ջերմաստիճանը, դրանք ամայացրել են Կալաբրիայի եւ Սիցիլիա ու Սարդինիա կղզիների անտառները:

Սիրակուզայի ոստիկանությունը Սիցիլիայի հարավ-արեւելքում, որտեղ չորեքշաբթի օրը ջերմաստիճանը հասել է գրեթե 49 աստիճանի, հայտարարել է, թե հետաքննությունը ցույց է տվել, որ այս մարդիկ պատասխանատու են հուլիսին տեղի ունեցած հրդեհներից առնվազն երկուսի համար: «Նրանց նպատակն է եղել մեծացնել իրենց կենդանիների արոտավայրը, որպեսզի կերերի վրա գումար խնայեն»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Բնապահպանության նախարար Ռոբերտո Չինգոլանին հայտարարել է, որ այս ամառ անտառային հրդեհների առնվազն 70%-ը դիտավորյալ է արվել կամ անզգուշորեն:

Իշխանությունները նշում են անտառային հրդեհների հետ կապված հրկիզման տարբեր դրդապատճառներ՝ արածեցման կամ շինարարության համար հողերի մաքրումից մինչեւ ապահովագրական վճարներ եւ նույնիսկ հրշեջների համար արտաժամյա աշխատանքի ստեղծում:

Ոստիկանությունը հայտնել է, որ երկու տղամարդկանց խոսակցությունների ձայնագրությունները ցույց են տալիս, որ նրանք կիրակի օրը նոր հրդեհ են ծրագրել` «շրջակա միջավայրի, հասարակական կարգի եւ անվտանգության համար աներեւակայելի հետեւանքներով» ավելի մեծ տարածք մաքրելու համար: