Ջերմաստիճանի նոր ռեկորդ է գրանցվել Իսպանիայի հարավում գտնվող Անդալուզիա ինքնավար համայնքում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Պետական օդերեւութաբանական գործակալության տարածաշրջանային գրասենյակի Twitter-յան էջին:

«Առավելագույն ջերմաստիճանը՝ 47,2 աստիճան, շաբաթ օրը գրանցվել է Մոնտորոյում»,- ասվում է հրապարակման մեջ:

Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2017 թվականի հուլիսին՝ Կորդովայում (Անդալուզիայի ինքնավար համայնք), երբ ջերմաստիճանը հասել էր 46,9-ի:

Օգոստոսի 11-ից գրեթե ամբողջ Իսպանիայի տարածքում ուժեղ շոգ է եղել: Արդյունքում Պետական օդերեւութաբանական գործակալությունը եղանակային վտանգի մակարդակը որոշ նահանգներում բարձրացրել է՝ հասցնելով ամենաբարձր՝ կարմիր մակարդակի: