Անցյալ ամիսը ոչ միայն դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաշոգ հուլիսն է եղել, այլեւ Երկրի վրա երբեւէ գրանցված ամենաշոգ ամիսը: Այս մասին ասվում է ԱՄՆ-ի օվկիանոսային եւ մթնոլորտային ազգային վարչության զեկույցում:

Հուլիսին ցամաքի եւ օվկիանոսի մակերեւույթի համակցված ջերմաստիճանը 0,93°C- ով բարձր է եղել 20-րդ դարի միջինից` մեկ հարյուրերորդական աստիճանով բարձր, քան 2016 թվականի ամենաթեժ հուլիսը:

«Այս նոր ռեկորդը լրացնում է այն մտահոգիչ եւ կործանարար ճանապարհը, որը կլիմայի փոփոխությունը սահմանել է աշխարհի համար»,- ասել է NOAA-ի ադմինիստրատոր Ռիկ Սպինրադը:

Հյուսիսային կիսագնդում հողի մակերեւույթի ջերմաստիճանը հուլիսին միջինից բարձր է եղել 1,54°C- ով, ինչպես նաեւ եղել է երբեւէ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը, որը գերազանցել է 2012 թվականին գրանցված վերջին ռեկորդը:

Ասիան նույնպես գրանցել է պատմության մեջ ամենաշոգ հուլիսը՝ գերազանցելով 2010 թվականի վերջին ռեկորդը: Եվրոպան նշել է իր երկրորդ ամենաշոգ հուլիսը, իսկ Հյուսիսային Ամերիկայում, Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում եւ Օվկիանիայում այդ ամիսը հայտնվել է առաջին տասնյակում:

NOAA-ն հայտարարում է, թե «մեծ է հավանականությունը», որ 2021 թվականը 142 տարի առաջ գրանցման սկսվելու պահից 10 ամենաշոգ տարիներից մեկը լինի: