Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի երեկվա հարցազրույցը ցույց տվեց, որ Ալիեւը համառորեն ինչ-որ բանի է ձգտում, բայց այդ ինչ-որ բանը ուշանում է եւ կա որոշակի նյարդայնություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը` անդրադառնալով երեկ Ադրբեջանի նախագահի թուրքական հեռուստաալիքին տված հարցազրույցին:
«Ես Ալիեւի հարցազրույցից որոշակի պահանջատիրություն զգացի, այսինքն տպավորություն կա, թե Ալիեւը համառորեն ինչ-որ բանի է ձգտում, բայց այդ ինչ-որ բանը ուշանում է եւ կա որոշակի նյարդայնություն: Որոշակիորեն, այո, բացվեցին խաղաքարտերը եւ ըստ էության ինչ-որ ադրբեջանական կիսապաշտոնական աղբյուրները ասում էին, իսկ պաշտոնական աղբյուրները ակնարկում էին, մեր իշխանություններն էլ չէին ժխտում: Այսպես ասած դեմարկացիա, դելիմիտացիա, անկլավների խնդիր այսպես կոչված եւ գլխավոր, վերջնական խաղաղության պայմանագիր, որը կամրագրի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը պաշտոնական Երեւանի կողմից: Ճիշտն ասած ես չէի գերագնահատի այս հարցազրույցը,ո րովհետեւ այս ամեն ինչը մենք բազմիցս ենք այս ամիսներին լսել եւ չեմ կարծում, որ այս հարցազրույցն էր, որ մեզ ինչ-որ բան պետք է տար: Սա ավելի շատ ցույց տվեց Ադրբեջանի կյանքի չկոչված սպասելիքներն այս պահի դրությամբ: Վատն այն է, որ նա փաստացի ունի այդ սպասելիքներ, մեր իշխանությունն էլ դեմ չի գնացել այդ սպասելիքների ձեւավորմանը»,-ասաց նա:
Անդրադառնալով նրան, որ Ալիեւը կրկին խոսել է միջանցքի տրամադրման մասին, Հակոբյանն ասաց, որ այս ճանապարհի տրամադրումը ձեռնտու չէ Ռուսաստանին:
«Այս պահին, ինձ թվում է, Ռուսաստանն ինքը շահագրգռված չէ Ադրբեջանի եւ Թուրքիայի ցամաքային կապի առկայությամբ եւ գուցե արտաքինից չցանկանալով նեղացնել Ադրբեջանին, տակից այնպես է անում, որ Հայաստանի դիրքորոշումը ամուր լինի եւ մենք ըստ էության չտանք այդ միջանցքը»,-ասաց նա` նշելով, որ միջանցքի տրամադրման դեպքում վտանգավորություն միշտ կա:
Ռազմական փորձագետի կարծիքով պատերազմը չի ավարտվել եւ չի էլ ավարտվի եւ սա իշխանական ուժերի հետ կապված չէ, այլ քաղաքակրթական բախումների սահմանակետ է:
«Պետք է ուղղակի մենք պատրաստվենք պատերազմի, եթե մենք լայն կտրվածքով նայենք այս 7-8 ամսվա դադարը, ոչինչ չնշանակող դադար է: Մենք հիմա կոնկրետ պետք է պատրաստվենք պատերազմի, ես այս պահին պատերազմի հավանականությունը չեմ բացառում, բայց բավականին ցածր եմ համարում»,- ասաց նա:





























