Սոցիալական ցանցերում ստելու համար թուրքերին սպառնում է մինչեւ 5 տարվա ազատազրկում: Ըստ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության մշակած օրինագծի՝ սոցցանցերում ստելու համար մեղավոր ճանաչված թուրքերին սպառնում է 1-5 տարվա ազատազրկում, հաղորդել է Türkiye թերթը:

Փաստաթղթի համաձայն՝ վիրավորանքի համար եւս սպառնում է 3 ամսվանից մինչեւ 2 տարի ազատազրկում: Պետական ​​պաշտոնյաներին, այդ թվում՝ քաղաքական գործիչներին վիրավորելը պատժվում է առնվազն 1 տարի ազատազրկմամբ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել խստացնել սոցիալական ցանցերի նկատմամբ վերահսկողությունը՝ հայտարարելով, որ դրանք օգտագործվում են «Թուրքիայի թշնամիների եւ նրանց հանցակիցների կողմից՝ երկրի եւ կառավարության վրա հարձակվելու համար»: Պաշտոնյաները հայտարարում են, որ կառավարությունը գործում է սոցիալական ցանցերի վերահսկողության վերաբերյալ եվրոպական նորմերին համապատասխան:

Օրենքը նախատեսում է նաեւ սոցիալական ցանցերում կոնտենտի մոնիտորինգի վերահսկման նոր մեխանիզմ: Կառավարությունը կարող է ստեղծել «սոցիալական ցանցերի նախագահություն», որը կգործի ԶԼՄ-ների վերահսկողության ազգային մարմնի եւ Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների մարմնի վերահսկողության ներքո:

Աղբյուրների համաձայն՝ նոր օրենքները նման կլինեն Եվրոպայում կիրառվող միջոցառումներին: