Հնագույն Պոմպեյ քաղաքի հնագետները գերեզմանի պեղումների ժամանակ հայտնաբերել են լավ պահպանված կմախք, որը նաեւ լույս է սփռում քաղաքի մշակութային այն կյանքի վրա, որ եղել է նախքան մ.թ. 79թ․ հրաբխի ժայթքումից քաղաքի ավերվելը:
Սպիտակ մազերը եւ ականջի մի մասը, ինչպես նաեւ ոսկորներն ու հյուսվածքների մնացորդները հայտնաբերվել են Պորտա Սարնոյի գերեզմանատան դամբարանում, որը դեռ բաց չէ հանրության համար եւ գտնվում է Պոմպեյի կենտրոնից արեւելք:
Գերեզմանի գրառումը հուշում է, որ դրա սեփականատերը՝ Մարկուս Վեներիուս Սեկունդիոն, օգնել է Պոմպեյում հունարեն լեզվով ներկայացումներ կազմակերպել: Փորձագետների կարծիքով, սա առաջին հաստատումն է, որ լատիներենին զուգահեռ օգտագործվել է նաեւ հունարենը:
«Այն, որ ներկայացումները կազմակերպվել են հունարենով, վկայում է այն աշխույժ եւ բաց մշակութային կլիմայի մասին, որը բնորոշ է եղել հին Պոմպեյին»,- ասել է Պոմպեյի հնագիտական պարկի տնօրեն Գաբրիել Զուխտրիգելը:
Մ․թ․ա․ 79 թվականին Վեզուվի հրաբխի ժայթքումը ավերել է Պոմպեյը: Տարիների ընթացքում կատարված պեղումների արդյունքում հայտնաբերվել են գերեզմաններ, կառքեր եւ տներ` հիանալի որմնանկարներով:





























