«Ռոստեխը» պատրաստ է դիտարկել Թուրքիային հինգերորդ սերնդի կործանիչների մշակման հարցում օգնելու հնարավորությունը՝ Անկարայից համապատասխան դիմումի դեպքում: Այս մասին Anadolu գործակալությանն ասել է պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը:

«Մենք նաեւ գիտենք, որ Թուրքիան մտադիր է իրականացնել իր հինգերորդ սերնդի TF-X կործանիչի նախագիծը: Օդանավերի համալիրների եւ դրանց համակարգերի մշակման եւ արտադրության յուրահատուկ իրավասություններ ունենալով՝ մենք կարող ենք դիտարկել թուրք գործընկերներին նոր կործանիչ ստեղծելու հարցում աջակցելու հնարավորությունը»,- ասել է Չեմեզովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Ներկայումս ռուսական բանակը հինգերորդ սերնդի Սու-57 կործանիչ է ստանում: Բացի այդ, Սուխոյի բյուրոն մշակել է հինգերորդ սերնդի թեթեւ շարժիչով Checkmate կործանիչի նախագիծ (հետագայում Ռուսաստանի օդատիեզերական ուժերում այն կարող է ներառվել որպես Սու-75):