ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Գնահատման եւ թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետի կողմից կաշառք ստանալու դեպքի հանգամանքները: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021թ. միասնական քննությունների մասնակցի մայրը՝ Երեւանի 49-ամյա բնակչուհին, նախկին ամուսնու օժանդակությամբ, 2021թ, հուլիսի 1-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Գնահատման եւ թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետին առանձնապես խոշոր չափերի՝ 1.487.520 ՀՀ դրամին համարժեք 3.000 ԱՍՆ դոլար կաշառք է տվել՝ անգլերեն լեզվի քննությունից առաջ վերջինիս կողմից մշակված թեստերի պատասխանները նախապես դստերը տրամադրելու եւ դրա արդյունքում քննությանը բարձր գնահատական ապահովելու համար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերոնշյալ ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Երեւանի բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ նրա նախկին ամուսնուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար: