Հետազոտողների միջազգային խումբն ուսումնասիրել է Պանամայի եւ Ամազոնի բնիկ ժողովուրդների դերը կլիմայի փոփոխության հետեւանքները մեղմելու գործում: Նրանք եկել են այն եզրակացության, որ բնիկ ժողովուրդների տարածքների պահպանումը կարող է Փարիզի համաձայնագրի պայմանների կատարման միջոց դառնալ, գրել է Popmech-ը:
Անտառները կլանում են ածխաթթու գազը մթնոլորտից եւ պահում այն իրենց էկոհամակարգում` կենդանի կենսազանգվածում եւ հողում: Աշխարհի բոլոր անտառները կուտակում են մոտավորապես 861 գիգատոննա ածխածին: Հետեւաբար, անտառների պաշտպանությունը արդյունավետ միջոց է կլիմայի փոփոխության հետեւանքները մեղմելու համար: Նման անտառների տարածքներից, ինչպես նաեւ հատուկ պահպանվող հողերից (ազգային պարկեր) մի քանիսը պատկանում են բնիկ ժողովուրդներին, որոնք բնակեցրել են երկրները մինչեւ գաղութացումը: Նոր հետազոտության ընթացքում գիտնականները գնահատել են, թե ինչպես են Պանամայի, Ամազոնի ավազանի, Էկվադորի, Պերուի եւ Բրազիլիայի անտառները ազդում ածխածնի պաշարների վրա:
Գիտնականները պարզել են, որ բնիկ ժողովուրդների տարածքները նույնքան արդյունավետ են անտառներում ածխածնի պաշարների պահպանման գործում, որքան ազգային պարկերը: Օրինակ՝ 2003 թվականին Բրազիլիայի այս տարածքները մոտ 6 տոկոսով ավելի շատ ածխածնի պաշարներ ունեին, քան մյուս հողերը: Իսկ Պանամայի ժողովուրդների տարածքում ածխածնի պաշարները 9 տոկոսով ավելի են եղել, քան նրանց շրջակայքում՝ մեկ կիլոմետր հեռավորության վրա:
Ստացվում է, որ անտառներում բնիկ ժողովուրդների բնական հողօգտագործումը կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ ածխածնի պաշարների վրա: Այսպիսով, Պանամայի եւ Ամազոնի ավազանի բնիկ ժողովուրդները, ապահովելով իրենց նյութական եւ մշակութային բարիքներով, կարող են առանցքային դեր խաղալ կլիմայի փոփոխության հետեւանքները մեղմելու գործում:
Գիտնականներն առաջարկում են բնիկների համար ապահովել հողի սեփականության իրավունքներ եւ ֆորմալիզացնել անտառային տնտեսությունները: Այդ կերպ նրանք կկարողանան իրենց ապրուստի միջոցներով ապահովել, իսկ այս երկրների կառավարությունները կկարողանան հասնել Փարիզի համաձայնագրով ամրագրված կլիմայական նպատակներին:





























