Փոփոխությունները, որոնք պետք է ընդունվեն, անհետաձգելի բնույթ են կրում, որպեսզի մենք կարողանանք ավելի բարենպաստ միջավայր ապահովել երեխաների համար։ Այս մասին օգոստոսի 19-ին Ընտանեկան օրենսգրքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ Ընտանեկան օրենսգրքում կան լուրջ բացթողումներ, որոնք կուտակվել են ոչ մեկ կամ երկու տարում։ «Խոսքը փոխկապակցված խնդիրների մասին է, որոնք պետք է լուծել մի շարք օրենսդրական փաթեթների համատեքստում, ինչպես նաեւ գործնական հարթությունում»,- ավելացրեց պաշտոնյան։

Ստեփանյանը հույս հայտնեց, որ օրինագիծը կընդունվի աշնանը, ինչից հետո կարելի է ընդունել նաեւ ենթաօրենսդրական ակտեր խնդիրների լուծման համար, այդ թվում որդեգրման հետ կապված։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Անահիտ Հովհաննիսյանը պարզաբանեց, որ խնդիրները, որոնք անհրաժեշտ է լուծել օրենսդրական մակարդակով, կապված են որդեգրման, խնամակալության, կենսաբանական ընտանիքի հետ միավորման գործընթացների, այդ գործընթացներում երեխայի կարծիքը հաշվի առնելու, ծնողների իրավունքները պաշտպանելու եւ այլնի հետ։

 Նա ասաց, որ նախագծի հիմքում ընկած է չորս սկզբունք. կենտրոնական օղակը՝ երեխայի շահը, երեխայի կյանքի իրավունքի իրականացումն ընտանիքում, երեխայի դաստիարակության կազմակերպումն ընտանեկան միջավայրում, եթե հնարավորություններ չկան՝ դա անել կենսաբանական ընտանիքում, ինչպես նաեւ ընդհանրապես երեխայի իրավունքների պաշտպանությունը։

Անահիտ Հովհաննիսյանը հիշեցրեց, որ օրենքով նախատեսված հիմքերի բացակայության դեպքում, որոնք արգելում են որդեգրումը, Հայաստանի քաղաքացուն տրվում է դրական եզրակացություն, որն ուժի մեջ է տրման պահից սկսած 12 ամսվա ընթացքում։

Նրա խոսքով՝ դա շատ կարճ ժամկետ է։ «Որդեգրման գործընթացում կարեւոր սկզբունք է համադրումը։ Կան բացթողումներ նաեւ որդեգրման ենթակա երեխաների առողջական վիճակի գնահատման, երեխաների եւ որդեգրողների տարիքների միջեւ տարբերության հաշվառման հարցերում։ Շատ կարեւոր է նաեւ ընտանիքին աջակցություն ցուցաբերելու հարցը, որը որդեգրում է երեխային, քանի որ խնդիրներն այս ոլորտում երբեմն հանգեցնում են այն բանին, որ երեխաներին վերադարձնում են խնամակալ մարմիններին։ Ինչ վերաբերում է խնամակալությանը, ապա այդ ինստիտուտը եւս չի կարելի կայացած համարել, քանի որ կա տարիքային ցենզի վերանայման, սպասարկումների ցուցաբերման որակի բարելավման եւ էլի շատ բաների անհրաժեշտություն»,- ընդգծեց նախարարության ներկայացուցիչը։